Բեռնատարների հայ վարորդների հարցը կքննարկվի ԵԱՏՄ նիստին

Հայաստանի կառավարությունը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի Դաշնությանը՝ առաջարկելով Հայաստանի քաղաքացիների համար չեղարկել կարգավորումը, որի համաձայն՝ առանց վիզայի ՌԴ մուտք գործելու իրավունք ունեցող երկրների քաղաքացիները ՌԴ տարածքում 1 տարվա ընթացքում կկարողանան մնալ 90 օր։ 

Նախնական արձագանքը դրական է՝ խորհրդարանում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և հայտնել, որ հարցը կքննարկվի  հոկտեմբերի 24-ին նախատեսված ԵԱՏՄ նիստին։ Արդեն մի քանի օր բեռնատարների վարորդները բողոքի ակցիաներ են անցկացնում՝ ՀՀ կառավարությունից պահանջելով բանակցել ռուսական կողմի հետ և հասնել նոր կարգավորման չեղարկմանը։ 

Հոկտեմբերի 20-ի երեկոյան նրանք ծայրահեղ քայլի էին դիմել՝ փակելով Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը։

Արդեն մի քանի օր բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներն ու բեռնատարների վարորդները բողոքի ակցիաներ են անցկացնում Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության վերջին խստացումների դեմ։

Համաձայն դրանց՝ առանց վիզայի ՌԴ մուտք գործելու իրավունք ունեցող երկրների քաղաքացիները ՌԴ տարածքում 1 տարվա ընթացքում կկարողանան մնալ 90 օր՝ նախկին 180-ի փոխարեն։ Ժամկետի կրճատումը խնդիրներ է ստեղծում բեռնատարների հայ վարորդների համար։ Նրանք մի քանի անգամ հավաքվել էին կառավարության շենքի մոտ, ներկայացրել իրենց մտահոգությունները, իսկ հոկտեմբերի 20-ի երեկոյան փակել էին Բագրատաշենի անցակետ  տանող ճանապարհը։

«Ոչ մեկը ոչ մի լուրջ արձագանք չտվեց հայ վարորդների բողոքի ակցիային։ Միայն պատասխանեցին, որ հարցը փորձում են լուծել։ Խոստացել էինք վարորդներով ու լոգիստիկ ընկերություններով, որ եթե մեր հարցին դրական պատասխան չեղավ, փակելու ենք Բագրատաշենի անցակետը։ Այս պահին Տավուշի մարզի Բագրատաշենի անցակետը փակ է։ Ավելի կոնկրետ՝ Նոյեմբերյան-Այրում հատվածը փակել ենք։ Փորձում ենք բարձարաձայնել մեր խնդիրները, որոնց մեր կառավարությունը այդպես էլ արձագանք չտվեց»։

Կառավարությունից արձագանք կա՝ խորհրդարանական ամբիոնից պատասխանում է էկոնոմիկայի նախարարը։ Գևորգ Պապոյանին հարցը պատգամավոր Գեղամ Նազարյանն է ուղղում։

Բագրատաշենում մեր վարորդների բողոքի հետ կապված ի՞նչ լուծում եք տեսնում։

-Պարոն Նազարյան, ՀՀ կառավարությունը պաշտոնապես դիմել է ՌԴ կառավարությանը՝ առաջարկելով, որ իրենց ներքին օրենսդրությամբ սահմանված 90 օրը փոխարինվի 180-ով։

Նախարարի փոխանցմամբ՝ Հայաստանի կառավարությունը և՛ պաշտոնական նամակագրությամբ, և՛ ուղիղ բանակցություններով փորձել է ռուսական կողմին բացատրել խնդիրը։ Նախնական արձագանքը, ըստ Պապոյանի, դրական է։

«Ստացել ենք արձագանք, որ հասկանում ենք, կփորձենք լուծել։ Ապա տեղեկություն ենք ստացել, որ որոշակի գործընթաց է սկսվել։ Նախագիծ է մշակվել, որն արդեն ներքին շրջանառության մեջ է։ Ավելին ասեմ՝ հարցը քննարկվելու է ԵԱՏՄ հոկտեմբերի 24-ի նիստին։ Պետք է սպասենք արդյունքներին, որ ավելի հստակ ասենք, թե ինչ լուծում է տրվելու»։

Խնդիրը մեկ կամ մի քանի վարորդի չի վերաբերում ՝արձանագրում է «Հայկական կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրերի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։ Նրա խոսքով՝  ՌԴ միգրացիոն քաղաքականության խստացումներում որևէ բացառություն արված չէ, և այն վերաբերում է նաև բեռնաուղևորափոխադրողներին։ Բեժանյանն ասում է՝ մի քանի տասնյակ նամակներ է ստացել, որոնցում վարորդները հայտնում են ՌԴ մուտքի արգելքի մասին։

«Ստեղծվեց վերահսկվող անձանց ռեեստր, որում երբ մարդիկ հայտնվում են, նրանց բանկային հաշիվներն անմիջապես սառեցվում են, և որևէ գործարք նրանք կատարել չեն կարող։ Այսինքն՝ բավական լուրջ հետևանքներ է ունենում վերահսկվող անձանց ռեեստրում հայտնվելը»։

ՌԴ նախագահի հրամանագրով՝ ռեեստրում հայտնվածներին մինչև այս տարվա սեպտեմբերի 10-ը հնարավորություն էր տրվել կարգավորելու փաստաթղթերը և  օրինականացնելու Ռուսաստանում լինելն առանց երկրից դուրս գալու։ Տաթևիկ Բեժանյանն ասում է, որ սեպտեմբերի 10-ից վերահսկողությունը խստացվել է։ Խախտումների դեպքում սահմանվում են նաև վարչական տույժեր։

«Եթե անձն իր օրինական ժամկետից՝ 90-180 օր ավելի է մնում, դրվում է մուտքի արգելք՝ 3 տարի ժամկետով։ 180-270 օր ավելի գտնվելու պարագայում՝ մուտքի արգելք 5 տարի ժամկետով, իսկ 270 և ավելի օր գտնվելու պարագայում՝ 10 տարի ժամկետով։ Ես արդեն ունեմ մեկ տասնյակից ավելի այդպիսի վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումներ, որ ուղարկել են վարորդները․ դրանցում հստակորեն նշված է, որ իրենք ՌԴ-ում գտնվելու ժամկետը խախտել են և գտնվել են ավելի երկար ժամանակ ու հաշվարկել են 138 օր, 146 օր և այլն»։

Վարորդներն ասում են, որ 1 տարվա ընթացքում 90 օր իրենք կարող են անցկացնել միայն ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետում՝ հերթերի, եղանակային պայմանների և այլ խնդիրների պատճառով։ Ուստի ենթադրվում է, որ հաջորդ տարի հայ վարորդների մեծ մասը կխախտի օրենսդրությամբ սահմանված նորմը։ Վարորդներն ու փորձագետները նկատում են նաև, որ միգրացիոն օրենսդրության խստացումը հակասում է ԵԱՏՄ պայմանագրի տրամաբանությանը, ըստ որի՝ միության անդամ երկրների միջև պետք է ապահովվի բեռների ազատ տեղաշարժը։

Leave a Comment