Ի՞նչ է «խեցգետնի հիվանդությունը» և ինչպե՞ս է այն ազդում հայ հասարակության վրա․ հոգեբան Անի Գալայճյան․ «Սփյուռքի ձայնը»

Հաճախ մենք չենք գիտակցում, որ ֆիզիկական ցավի, անբացատրելի հոգնածության ու անգամ լուրջ հիվանդությունների հետևում թաքնված են հոգու լուռ ճիչերը՝ չապրած տխրությունը, կուտակված զայրույթն ու խորը հիասթափությունները։

«Սփյուռքի ձայնը» հաղորդման եթերում հոգեբան, Կոլումբիայի համալսարանի դասախոս, «Իմաստալից աշխարհ» կազմակերպության հիմնադիր Անի Գալայճյանը խոսեց ոչ միայն անհատական, այլև ազգային հոգեբանական առողջության մասին՝ առաջարկելով պարզ, բայց խորիմաստ բանաձևեր, որոնք կարող են դառնալ հայ հասարակության վերափոխման բանալին։

Անտեսանելի վերքերի գինը. երբ մարմինը խոսում է հոգու փոխարեն

Անի Գալայճյանի խոսքի առանցքում կարմիր թելի պես անցնում էր մի պարզ ճշմարտություն՝ հոգեկան առողջությունն անբաժան է ֆիզիկականից։ Ավելին՝ հաճախ հենց այն է դառնում մեր մարմնի բարեկեցության հիմքը կամ, ընդհակառակը, փլուզման պատճառը։ «Բոլոր ֆիզիկական դժվարությունների արմատները ծագում են հոգեկանից։ Երբ տխրությունը երկար է տևում, մեր թոքերն են տկարանում, երբ շատ ենք բարկանում՝ լյարդն է անհանգստանում։ Այդ զգացական դժվարությունները, երբ չենք լուծում, կպչում են մեր օրգաններին»։ Այս խոսքերը հիշեցնում են, որ հոգուն ուշադրություն դարձնելը ոչ թե շքեղություն է, այլ առաջին անհրաժեշտություն։ Հասարակության մեջ տարածված ամոթի զգացումը և հոգեբանի դիմելուց խուսափելը հանգեցնում են նրան, որ խնդիրները թաքցվում են, խորանում ու վերածվում լուրջ հիվանդությունների։

«Խեցգետնի հիվանդություն». ինչո՞ւ ենք միմյանց ներքև քաշում

Անի Գալայճյանը վառ ու ցավոտ դիպուկությամբ նկարագրում է հայ հասարակության ամենամեծ մարտահրավերներից մեկը՝ «խեցգետնի հիվանդությունը»։ «Եթե տեսել եք, դույլի մեջ խեցգետիններն իրար վար են քաշում և թույլ չեն տալիս, որ դուրս գան։ Որպես ճնշված ազգ՝ մեր հիասթափությունն ու զայրույթը վերև գնալու տեղ չունեն, դրա համար պայթում են հորիզոնական։ Կողքիս ո՞վ է՝ քույրս է, եղբայրս է։ Նրանց եմ ներքև քաշում նախանձով, բարկությամբ, բացասական խոսքերով»,- բացատրում է նա։

Այս երևույթը, ըստ հոգեբանի, ճնշվածության, կուտակված ագրեսիայի և անելանելիության զգացումի հետևանք է։ Երբ էներգիան չի ուղղվում դեպի ստեղծում և զարգացում, այն դառնում է կործանարար՝ թիրախավորելով ամենամտերիմներին։

Առողջացման բանաձևը. «Բարձրացրե՛ք մեկդ մյուսին, եղե՛ք իսկական հայ»

Որպես «խեցգետնի մտածելակերպի» հակաթույն՝ Անի Գալայճյանը առաջարկում է մշակութային վերափոխում, որի կարգախոսն է՝ «Բարձրացրե՛ք մեկդ մյուսին, եղե՛ք իսկական հայ»։
Սա պարզապես գեղեցիկ խոսք չէ, այլ գործողության կոչ, որը սկսվում է անհատական պատասխանատվությունից։ «Մենք պատասխանատվություն չենք ստանձնում, ուզում ենք՝ ուրիշները փոխվեն։ Բայց կյանքը մեքենա է, և մենք ենք ղեկին»։ Փոփոխության առաջին քայլը, ըստ հոգեբանի, երախտագիտությունն է։ Ամեն առավոտ արթնանալիս՝ շնորհակալ լինել շնչելու, լսելու, զգալու համար։ Այս պարզ վարժությունը փոխում է ուղեղի քիմիան և օրվա ընթացքում ստեղծում դրական տրամադրություն՝ թույլ չտալով արտաքին ազդակներին մեզ հունից հանել։

Նախ բուժի՛ր ինքդ քեզ, որ կարողանաս օգնել ուրիշներին

Հասարակության բուժումը սկսվում է անհատի բուժումից։ Այս գաղափարը հոգեբան Անի Գալայճյանի խոսքի կուլմինացիան էր։ «Նախ դու քեզ պետք է առողջացնես, կանգնես հզոր, ուժեղ և արմատացած, հետո քո ճյուղերը տարածես քո շրջանակում՝ ընտանիքում, քաղաքում, հայրենիքում։ Եթե հիվանդ ես, ո՞նց ես օգնելու ուրիշին։ Դու քո հիվանդությունը փոխանցում ես նրան»։ Սա ուղերձ է յուրաքանչյուրիս. սեփական հոգեկան առողջության մասին հոգ տանելը եսասիրություն չէ, այլ պարտականություն մեր հանդեպ և մեր շրջապատի։ Առողջ և ներդաշնակ անհատներն են, որ կառուցում են առողջ ընտանիքներ, իսկ առողջ ընտանիքները՝ կայուն ու բարգավաճող հասարակություն, ավելացնում է նա։ «Մեր ազգային խնդիրների լուծումները թաքնված են ոչ միայն աշխարհաքաղաքական դաշտում, այլև յուրաքանչյուրիս ներսում։ Ճանապարհը սկսվում է սեփական վերքերն ընդունելուց, միմյանց դատելու փոխարեն՝ կարեկցելուց, և ուրիշի հաջողությանը նախանձելու փոխարեն՝ ոգևորելուց։ Երբ մեկը մյուսին օգնում է, երկուսն էլ ավելի են ուժեղանում»,— եզրափակում է իր խոսքը «Իմաստալից աշխարհ» կազմակերպության հիմնադիրը։ Հոգեբան Անի Գալայճյանը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու առողջապահությանը, մարդասիրական տրավմայի բուժմանն ու Սփյուռքի հետ համագործակցությանը նվիրված միջազգային համաժողովին, որը կազմակերպել է ԵՊՀ-ն։

Leave a Comment