ՔՊ-ն մերժեց «Պատիվ ունեմ»-ի հեղինակած հայտարարության նախագիծն ընդգրկել ԱԺ օրակարգում

Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 21-ի նիստում օրակարգ չի մտցրել ընդդիմության «Ազգային ճգնաժամի և պետական կառավարման ձախողման մասին» հայտարարության նախագիծը։

Հայտարարության նախագծին կողմ է քվեարկել 24 պատգամավոր, դեմ՝ 48-ը: Եվս երկուսը՝ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը, ձեռնպահ են մնացել:

Հայտարարության նախագծում երկրի իշխանություններին մեղադրում են Լեռնային Ղարաբաղը կորցնելու, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտումը հանդուրժելու և ռազմագերիներին ու կալանավորվածներին ազատ արձակելու ուղղությամբ գործողություններ չձեռնարկելու մեջ։

Նախագիծը ներկայացրեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ նշելով, որ իմպիչմենտի հիմնական ուժը, այն հաջողությամբ պսակելու կարևորագույն գրավականը հանրային լայն համախմբումն է փողոցային պայքարով: Այլ կերպ այս գործընթացը տեղի ունենալ չի կարող:

Հարակից զեկուցող, ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նախ նկատեց՝ նախագծի անունը փոխվել է՝ միաժամանակ քննարկման առարկա դարձնելով հարցը, թե արդյոք հնարավո՞ր է գումարման ընթացքում փոխել նախագծի անունը:

Անդրադառնալով բուն իմպիչմենտի գործընթացին՝ նա նկատեց, որ իմպիչմենտը նախագահական երկրին բնորոշ ինստիտուտ է, իսկ այս պարագայում խոսքը Կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացի մասին է, իսկ այդ գործընթացը կարգավորվում է ոչ թե հայտարարությամբ, այլ դիմումների առկայությամբ:

«Քաղաքացիներին տեղեկացնեմ, որ համապատասխան քանակի դիմումների հավաքումը դեռևս բավարար չէ Կառավարությանը անվստահություն հայտնելու համար: Դա անհրաժեշտ է որպես հիմք համապատասխան գործընթաց սկսելու համար, որովհետև ԱԺ-ն պետք է Կառավարությանը անվստահություն հայտնի: Բայց հանձնաժողովի նիստին հնչեց քաղաքական հիմնավորում, թե ինչ նպատակ կարող է հետապնդել քաղաքական ուժը, որը հերթական ընտրություններից ամիսներ առաջ ամբողջ ռեսուրսը կենտրոնացրել է գործընթացի վրա, որը բացարձակապես որևիցե արդյունք չի կարող բերել,- ասաց նա՝ նշելով, որ, ամեն դեպքում, հանձնաժողովը մանրամասն վերլուծության է ենթարկել «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացրած հայտարարության նախագիծը և որոշել: Փաստաթղթում առկա իրարամերժ բնույթի դատողություններն ուսումնասիրելով՝ հանձնաժողովը բացասական կարծիք է տվել նախագծին»:

Քվեարկության դրվող հարցի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ խմբակցությունը լիակատար աջակցում է հայտարարության նախագծին. «Հետևաբար, «Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու հայտարարության նախագիծն օրակարգում ընդգրկելուն»:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն իր հերթին խմբակցության անունից հայտարարեց, որ դեմ են քվեարկելու նախագծին. «Խմբակցությունը դեմ է քվեարկելու ի սկզբանե մեռելածին այս նախագծին և իմպիչմենտի բոլոր հնարավոր մեռելածին նախագծերին, որոնք կարող են հայտնվել ԱԺ օրակարգում՝ տարատեսակ դրսևորումներով, հայտարարության տեքստով կամ որևէ այլ աճպարարության միջոցով: Դեմ ենք քվեարկելու»:

Հովիկ Աղազարյանը հայտարարեց, որ չնայած որոշում են կայացրել Հակոբ Ասլանյանի հետ, որ չեն խոչընդոտելու հայտարարության ընդունմանը, հարցի քննարկմանը և ընդհանրապես զարգացումներին, բայց կան քննարկման հարցեր, և հարցեր, որոնք պարզաբանման կարիք ունեն, ուստի այս պահին երկուսով ձեռնպահ կքվեարկեն:

Leave a Comment