Քիչ առաջ ՀՀ ԱԺ-ն քվեարկությամբ որոշեց «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» հայտարարության նախագիծը չընդգրկել ԱԺ նիստերի օրակարգում։
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասաց, որ մեր երկրում կատարվող իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ իմպիչմենտի գործընթացը հրատապ է։
Նա հայտնեց, որ հանդիպել է անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանին և Հակոբ Ասլանյանին ու նշեց․ «Այս պահի դրությամբ կարող եմ հայտարարել, Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը չեն խոչընդոտելու իմպիչմենտի գործընթացին, և քննարկումները շարունակվում են»։
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց․ «Բրավո, Հովիկ Աղազարյանին և Հակոբ Ասլանյանին։ Ուրախ եմ, որ միմյանց հետ հանդիպում ու խոսում եք»։
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ հանձնաժողովը բացասական կարծիք է տվել նախագծին․ «Փաստաթուղթը ներառում էր քաղաքական իրարամերժ դատողություններ։ Իմպիչմենտը նախագահական երկրին բնորոշ ինստիտուտ է, և խոսքը կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացի մասին է։ Համապատասխան դիմումների հավաքագրումը դեռ բավարար չէ կառավարությանը անվստահություն հայտնելու համար։ Դա անհրաժեշտ է՝ որպես հիմք համապատասխան գործընթաց սկսելու համար։ ԱԺ-ն պետք է կառավարությանը հայտնի անվստահություն»։
Քվեարկությունից հետո Հայկ Մամիջանյանը, արձագանքելով Ռուբեն Ռուբինյանին ասաց․ «Մի անհանգստացեք, պարոն Ռուբինյան, Ձեզ հանդիպելու հերթն էլ կգա»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
