
Սիրելի ժողովուրդ, սիրելի գյումրեցիներ, դուրս եկեք տներից, եկեք քաղաքապետարանի մոտ՝ պաշտպանելու ընտրված քաղաքապետի շահերը։ Այս մասին կոչով է հանդես եկել Գյումրու փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Եկել են ոստիկանության 6-րդ բաժնից, քաղաքապետին առայժմ առանձնացրել են 30-40 հոգով։ 100 հոգուց ավելի զինված մտել են քաղաքապետարանի շենք, կաթվածահար են արել ամբողջ աշխատանքը։ Կանայք, աղջիկներ կան, բոլորը վախի մեջ են, մի սարսափելի իրավիճակ է։
Ժողովուրդ, սիրելի գյումրեցիներ, ով սիրում է, հարգում է իր քաղաքը, հելեք, պաշտպանեք ձեր օրենքով ընտրված քաղաքապետի շահերը։ Եկեք, շրջապատեք քաղաքապետարանը, որ գործողություններ չկատարեն»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները այսօր վաղ առավոտյան մտնել են Գյումրու քաղաքապետարան։
Դիմակավորված հատուկ ջոկատայինները արգելել են աշխատակիցների ելքն ու մուտքը։ Աշխատակիցները հայտնել էին, որ դեռ որևէ տեղեկություն չունեն, թե ինչ գործի շրջանակում են նրանք ժամանել։
Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն տարածեց, նշելով, որ քաղաքապետարաին 8 աշխատակիցներ, այդ թվում քաղաքապետը, ձերբակալվել են կշառք ստանալուև տալու մեղադրանքներով։