Արա Պապյան. «Մենք պիտի ցույց տանք, որ այս իշխանությունը, խոսելով ժողովրդավարության մասին, հակաժողովրդական է»

Այսօր կայացավ «Ազգային համագործակցության կլոր սեղանի» երրորդ նիստը, որի մասնակիցները քննարկեցին եւ տեսակետներ ու առաջարկներ արտահայտեցին «Վարչապետի աթոռ զբաղեցնողը կոռուպցիոն հանցախմբի ղեկավարն է» թեմայով:

ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Ինչպես նախկիններում, այսօր պետք է քննարկենք հրատապ հարցեր: Նաեւ հարցեր, որոնք ունեն ավելի ռազմավարական նշանակություն: Ռազմավարական հարցերից պիտի քննարկենք Սահմանադրության վերաբերյալ եղած առաջարկները, որ իշխանությանը ներկայացվել են տարբեր ժամանակաշրջաններում, եւ դրանք անտեսվել են: Մենք պիտի ցույց տանք, որ այս իշխանությունը, խոսելով ժողովրդավարության մասին, հակաժողովրդական է եւ խախտում է բազմաթիվ օրենքներ:

Պիտի անդրադարձ լինի վերջին իրադարձություններին: Մասնավորապես, Հայ Առաքելական եկեղեցու դեմ շարունակվող ոտնձգություններին, որոնք շղարշվում են իբրեւ թե օրինականության հաստատում եւ այլն, բայց խորքի մեջ ունեն հակազգային եւ հակաեկեղեցական բնույթ: Եվ դա, ցավոք, զուգորդվում է Բաքվի, Անկարայի եւ այլոց պատվերներին:

Բնականաբար, նաեւ այլ առաջարկներ կլինեն, որոնք կքննարկենք այստեղ»:

Արա Պապյանը նշեց, որ այս Կլոր սեղանի քննարկումների ընթացքում ավելանում են քաղաքական, հասարակական ուժերը: «Գալիս են ուժեր, որ միանում են, ուժեր կան, որ չեն մասնակցում: Չմասնակցելն անպայման անհամաձայնության նշան չէ: Մեր խնդիրն է՝ ունենալ միջուկ, առանցք, որի շուրջ կլինի մտքերի փոխանակում, որովհետեւ հասկանալի է, որ իշխանությունը օգտագործում է իր բոլոր լծակները բոլորի դեմ: Եվ դրան կարելի է  հակակշռել  ժողովրդավարական ձեւով որոշակի համախմբվածությամբ: Դա չի նշանակում, որ Կլոր սեղանի շուրջ նստած բոլոր մարդիկ կիսում են բոլոր խնդիրները, մոտեցումները:

Հիմնական սկզբունքը հետեւյալն է՝ քննարկել այն հարցերը, որոնք բոլորի համար մտահոգիչ են եւ ընդհանուր են: Մասնավորապես, առաջին հանդիպումը նվիրված  էր Սահմանադրության փոփոխության պարտադրանքին դրսից: Մենք բոլորս կողմ ենք Սահմանադրության փոփոխությանը եւ ունենք մոտեցումներ: Բայց մենք չենք ընդունում արտաքին ուժերի կողմից դրա պարտադրանքը եւ այդ բոլոր քայլերի համաձայնեցումը թշնամու հետ»,-ասաց Կանադայում ՀՀ նախկին դեսպանը:

Մեր հարցին, թե որոշ քաղաքական ուժեր այժմվանից պատրաստվում են 2026 թվականին կայանալիք համապետական ընտրություններին: Եթե չկա համընդհանուր միախմբում, Հայաստանում իշխանափոխություն հնարավո՞ր է, Արա Պապյանը պատասխանեց. «Եթե նայում ենք նախադեպերին, ցավոք սրտի նման նախադեպ չի եղել: Հայաստանում երբեք ընտրության միջոցով իշխանություն չի փոխվել՝ ներառյալ Նիկոլ Փաշինյանի օրոք: Երբ ասում են այսքան քվե ստացած ընտրյալ վարչապետ, ինքը քվե ստացել է, երբ արդեն կես տարի վարչապետ էր, ինչպես, օրինակ, ժամանակին Քոչարյանը, որն արդեն կես տարի նախագահ էր: Կամ, ինչպես սովետական շրջանում Գերագույն Սովետի պատգամավոր ընտրված Լեւոն Տեր-Պետրոսյանն էր: Այսինքն, նախադեպերը բացասական են: Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի նախադեպը ստեղծենք: Իշխանություն էլ դիմում է ամեն տեսակ անօրինական միջոցների:

Ըստ էության, տեղի է ունեցել կուսակցության, ես կասեի՝ մեկ անհատի կողմից Հայաստանում իշխանության զավթում: Սա Նյուրնբերգում ամենամեծ մեղադրանքն էր նացիստական կուսակցությանը: Շատերին թվում է, թե հիմնական մեղադրանքը հոլոքոստն է եղել: Ոչ: Եղել է մեկ կուսակցության կողմից իշխանության զավթումը:

Այսօր պետական ապարատում դա է տեղի ունենում: Մենք տեսնում ենք, որ ամբողջ իրավապահ համակարգը՝ դատախազությունը, դատարանները պարզապես իշխանության պատվերներն են կատարում: Ըստ էության, խոսելով ժողովրդավարությունից՝ հակաժողովրդական քայլեր են իրականացնում: Մենք վերադարձել ենք միջին ստալինիզմի ժամանակաշրջան, երբ որ սիրուն խոսքերի հետեւում, իսկ որ  1936 թ. սովետական սահմանադրությունը ամենաժողովրդավարներից էր, բայց երկիրը ոչ ժողովրդավարական էր: Հիմա դա Հայաստանի հետ է կատարվում:

Հենց այս Կլոր սեղանը նվիրված է նրան, որպեսզի որոշակի համախմբում տեղի ունենա եւ ժողովրդավար ճանապարհով իշխանափոխություն տեղի ունենա»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment