Սյունիքի ամենահին և խորհրդավոր հուշարձաններից մեկը՝ Զորաց քարերը, կրկին հնագետների ուշադրության կենտրոնում է։ Տարածքում վերսկսվել են պեղումները, որոնք, հնարավոր է, նոր տեղեկություններ տան հազարամյակների պատմություն ունեցող այս տեղանքի մասին։ Իսկ առաջիկայում այն ավելի գրավիչ կդառնա զբոսաշրջիկների համար։
Զորաց քարերի տարածքում այս տարվա սեպտեմբերին վերսկսվել են թիվ 2 դամբարանի 2018–ին ընդհատված պեղումները։ Հնագիտական ուսումնասիրությունների նախնական արդյունքներով՝ քարարկղային դամբանախուցը կառուցվել է մ.թ.ա. 18–15-րդ դարերում, իսկ մ.թ.ա. 11–9-րդ դարերում այն կրկին օգտագործվել է։ Ավելի ուշ՝ միջնադարում, դամբարանը վերածվել է կացարանի։ Խուցը մաքրվել է, հին թաղումների հետքերը վերացվել են, պահպանվել են միայն որոշ կավանոթների բեկորներ, որոնք օգնում են հստակեցնել ժամանակագրությունը։
Թիվ 2 դամբարանի այս տարվա պեղումները արդեն ավարտվել են։ Աշխատանքները իրականացնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» հնագիտական արշավախումբը՝ Աշոտ Փիլիպոսյանի ղեկավարությամբ։
«Շատ հետաքրքիր հուշարձան ենք պեղում։ Այս դամբարանը, որ տեսնում եք, քարաշարժ, շատ հետաքրքիր է, ուղղված է արևմուտքից արևելք ։Արևմտյան կողմից մուտք է դեպի դամբարան։ Պեղումների ընթացքում մոտ 3,5 կմ իջել ենք։ Իհարկե 2018 –ին և հիմա հայտնաբերված նյութերը շատ քիչ են, բայց թույլ են տալիս թվագրել դամբարանը՝ մոտ 15-14 րդ դարեր մ․թ․ա առաջ»։

Ի դեպ «Քարահունջ» Հայագիտական կենտրոնը օրերս պահանջել էր դադարեցնել պեղումներն ու անհապաղ կոնսերվացնել բացված հատվածը։ Աշոտ Փիլիպոսյանն ասում է, որ այդ հուշարձանը պեղելու իրավունքը տվել է միջգերատեսչական հնագիտական հանձաժողովը ։
«Հանձնաժողովը պարբերաբար հետևում է աշխատանքներին։ Հնագիտական ընդունված կարգի համաձայն կատարել ենք պեղումներ ու ծածկել ենք այն։ Մարդիկ կարող են գալ պեղումների ընթացքում տեսնել այս ամենը, առանց սահմանային գիծն անցնելու։ Պեղումները չեն վնասում հուշարձանը»։
Իսկ «Զորաց քարերը» շարունակում է մնալ զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը։ 2024 թ–ին շուրջ 21 հազար այցելու է եղել, այս տարվա ընթացքում նրանց թիվը հասել է մոտ 24 հազարի։
«Մենք կարդացել էինք այս տարածքի մասին, գիդն էլ խորհուրդ տվեց այցելել այստեղ։ Շատ գեղեցիկ վայր է, անսպառ էներգիա կա այստեղ, օդը, բնությունը, ամեն ինչ շատ գեղեցիկ է»
Իսկ առաջիկայում «Զորաց քարերը» ավելի գրավիչ կդառնա զբոսաշրջիկների համար։ Այստեղ տեղեկատվական մոդուլային կենտրոն է կառուցվում։
Պահպանության ծառայության տնօրեն Արմեն Հովհաննիսյան․ «Այս պահին նմանատիպ ինֆոկենտրոն ունենք կառուցված Լոռի բերդում, հիմա շինարարությունը ընթանում է «Զորաց քարերում», այս տարի էլ մեկնարկելու ենք Հին Խնձորեսկ գյուղատեղիում և ծրագիրը շարունական է լինելու»։
Նորակառույց կենտրոնում լինելու է տոմսավաճառ, հուշանվերների վաճառակետ, փոքրիկ սրճարան, ցուցասրահ։ Այցելուները ոչ միայն կծանոթանան «Զորաց քարերի» գաղտնիքներին, այլև կտեսնեն պեղումների ժամանակ հայտնաբերված գտածոներ։
«Նմանատիպ կենտրոնների տեղադրումը հուշարձանների տարածքում զարգացնում է ոչ միայն հուշարձանի պոտենիցալը զբոսաշրջության իմաստով , այլև համայնքի պոտենցիալը»։
Կենտրոնը մինչև տարեվերջ պատրաստ կլինի։ Կառուցման համար 63 մլն դրամ է տրամադրվել։
Գիտահետազոտական բաժնի պետ Արգամ Երանոսյան․ «Այս ամբողջ տարիների ընթացքում «Զորաց քարերի» տարածքում իրականացված պեղումների արդյուքները տեղեկատվական վահանակների տեսքով մանրամասն ցուցադրվելու է։Մշակվելու է երթուղի, որը ներառելու է ոչ միայն դամբարանները այլև բնակավայրերը, ընդհուպ մինչև դիտակետեր»։
«Զորաց քարերը» շարունակում է մնալ Սյունիքի ամենագրացիչ վայրերից մեկը՝ համատեղելով հնագույն պատմությունն ու ժամանակակից կյանքի շունչը։ Արդեն գարնանը կսկսվի տարածքի բարեկարգումը, և կշարունակվեն պեղումները։