🎥📷 Հայերն ավելի լավ խաղացին Իռլանդիայի դեմ, քան մենք․ Nemzeti Sport-ի վերլուծությունը

Աշխարհի 2026թ. առաջնության որակավորման փուլում Հայաստանի հավաքականը արտագնա խաղում կմրցի Հունգարիայի ընտրանու հետ։ Այդ առիթով հունգարական «Nemzeti Sport»-ը վերլուծել է Հայաստանի հավաքականի խաղը՝ վերհիշելով մեր հանդիպումը Իռլանդիայի հետ։

«Հայերն ավելի լավ խաղացին Իռլանդիայի դեմ, քան մենք», — այս վերնագրով է սկսում իր հոդվածը Հունգարիայի ամենահեղինակավոր սպորտային լրատվամիջոցը։

Հոդվածի հայերեն թարգմանությունը ներկայացնում ենք՝ ստորև․

«Մենք լիովին հարգում ենք մրցակցին, քանի որ տեսել ենք նրանց հաղթանակը Իռլանդիայի նկատմամբ, բայց Հայաստանի դեմ պետք է անպայման հաղթենք», — ասել է Հունգարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Ռոսին՝ անցած շաբաթ հայտարարելով թիմի կազմը և խոսելով առաջիկա խաղի մասին։

Այս մտքից ելնելով՝ Հունգարիա-Հայաստան հանդիպմանը նախապատրաստվելիս պետք է հասկանալ, թե ինչի շնորհիվ հայերը հաղթեցին Իռլանդիային, որոնք են նրանց ուժեղ կողմերը և ինչում պետք է բարելավվի մեր հավաքականը՝ համեմատած սեպտեմբերյան խաղերի հետ։

Մեր ընտրական խմբում, որտեղ Պորտուգալիան բացարձակ ֆավորիտ է, երկրորդ տեղի համար պայքարում են մի քանի թիմեր։ Սեպտեմբերին թե՛ մենք (2-2), թե՛ հայերը (2-1) խաղացին Իռլանդիայի հետ, ինչը համեմատության հիմք է տալիս։ Դուբլինում կայացած Իռլանդիա-Հունգարիա խաղի ընթացքը մեծապես պայմանավորված էր Ռոլանդ Շալայիի հեռացմամբ երկրորդ խաղակեսի սկզբում, սակայն այդ հանգամանքը բացահայտեց խնդիրներ, որոնք պետք է վերացնենք՝ շաբաթ օրը որակավորման փուլում առաջին հաղթանակը տանելու համար։

Իսկ Հայաստան-Իռլանդիա խաղը ցույց տվեց, թե ինչպես են հայերը, հատկապես եզրային խաղացողների միջոցով, քանդում մրցակցի պաշտպանությունը և թվային առավելություն ստեղծում դարպասի մոտ։ Այդ խաղը վկայում է, որ հայերը կարող են տիրել նախաձեռնությանը՝ ինչպես գնդակի տիրապետման, այնպես էլ գոլային պահերի ստեղծման առումով, ուստի նրանց չպետք է թերագնահատել։

Ավելին, մեր գոլահարներ Ռոլանդ Շալային և Բարնաբաշ Վարգան, որոնք աչքի ընկան Իռլանդիայի դեմ խաղում, որակազրկման պատճառով բացակայելու են։ Հարձակման առումով նշենք, որ Իռլանդիայի դեմ մենք սկսել էինք վերականգնել այն արդյունավետությունը, որն աչքի էր ընկնում նախորդ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում, բայց կորել էր այս տարվա սկզբին Թուրքիայի և Շվեդիայի դեմ պարտություններից հետո։ Հայերը, խաղալով սեփական դաշտում և ամբողջ խաղը տասը հոգով չանցկացնելով, կատարել էին 15 հարված և խփել երկու գոլ (մեկը՝ 11 մետրանոցից)։ Այսինքն, նրանց արդյունավետությունը ևս բարձր չէր։ Սակայն Դուբլինում մենք ունեինք մաքուր գոլային պահ՝ Բոլա Բենդեգուզը պետք է անպայման գոլ խփեր, և խաղի ելքը կարող էր այլ լինել։ Ուստի շաբաթ օրը Հայաստանի դեմ վճռորոշ կլինի դարպասի մոտ արդյունավետությունը։

Հայաստանի դեմ խաղի մյուս կարևոր ասպեկտը պաշտպանությունն է՝ հատկապես հայերի եզրային հարձակումների դեմ։ Հայերի խաղը հիմնված է երկար, ցածր փոխանցումներով եզրերով արագ ներխուժումների վրա՝ դեպի պաշտպանների թիկունք։ Իռլանդիայի դեմ նրանք ավելի վտանգավոր էին ձախ եզրից, որտեղից կատարել էին 15 հարվածներից յոթը, մինչդեռ աջից՝ ընդամենը երկուսը։

Այդուհանդերձ, առաջին գոլային դրվագը (11 մետրանոց) եկավ աջից, իսկ երկրորդը՝ ձախից՝ «Ցրվենա Զվեզդայի» եզրային պաշտպան Նաիր Թիկնիզյանի փոխանցումից, որը հինգ պաշտպանով սխեմայում ակտիվորեն միանում է հարձակմանը։

Ձախ եզրում պետք է ուշադրություն դարձնել Արգենտինայում հանդես եկող Լուկաս Զելարայանին, որը Իռլանդիայի դեմ կատարել է երեք առանցքային փոխանցում և մեկ վտանգավոր հարված։ Աջ եզրում խաղում է թիմի ավագ Տիգրան Բարսեղյանը («Սլովան»), որի հաշվին 62 խաղում 9 գոլ և 14 գոլային փոխանցում կա։ Նա Իռլանդիայի դեմ ևս երեք առանցքային փոխանցում էր կատարել։

Քանի որ Բարսեղյանը հաճախ է շարժվում դեպի կենտրոն, մեր ձախ կենտրոնական պաշտպանը (Աթտիլա Սալայը կամ Մարտոն Դարդայը) պետք է զգոն լինի։ Եթե հայերը կորցնեն գնդակը, Բարսեղյանի թիկունքում հաճախ ազատ տարածք է մնում, ինչը կարելի է օգտագործել։ Մեր ձախ եզրում Կերկեզը և Նադը կարող են առանցքային դեր խաղալ՝ գնդակը հասցնելով այդ տարածք

Հայերի պաշտպանությունը կոտրելու բանալին, բացի փոխանցումներից, համարձակությունն է՝ հարվածների և դրիբլինգների տեսքով։ Իռլանդիայի դեմ մենք կատարել էինք ընդամենը երկու հաջող դրիբլինգ, մինչդեռ հայերը՝ յոթ։ Հաջող դրիբլինգները կարևոր են մենապայքարներում հաղթելու և խաղի վերահսկողություն ստանձնելու համար։ Իռլանդիայի դեմ մենք 96 մենապայքարից հաղթել ենք 39-ը (44%), իսկ հայերը՝ 80-ից 43-ը (54%)։ Սա արտացոլվում է նաև տուգանային հաշվարկում գնդակի հետ շփումների քանակով. մենք այնտեղ եղել ենք 11 անգամ, հայերը՝ 20 անգամ։

Կազմերի և խաղացողների ակումբային մակարդակի առումով Հունգարիան մնում է ֆավորիտ, սակայն պետք է ցույց տա ավելի բարձր որակ, քան Դուբլինում»,- գրված է հոդվածում։

Leave a Comment