
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը որոշում է կայացրել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկել ԱԺ արխիվ։ Այս մասին հայտնել է Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։
«44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկվել է Ազգային ժողովի արխիվ։ Ժամկետների անհամապատասխանության պատճառով չէր կարող ներառվել ԱԺ լիագումար նիստերի օրակարգ և իրավական շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել զեկույցը ուղարկել Ազգային ժողովի արխիվ։
Պատգամավորները, ովքեր գաղտնիության թույտվություն ունեն, կարող են գնալ արխիվ ու ծանոթանալ այդ զեկույցին»,-պարզաբանել է Հարությունյանը։
«Կա ժամկետների անհամապատասխանություն և զեկույցը չի կարող լիագումար նիստերի օրակարգում ներառվել»,– նշել է նա։
Հիշեցնենք, որ 2022 թվականի փետրվարին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ԱԺ-ում ստեղծվել է քննիչ հանձնաժողով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով։
ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մինչև վեց ամիս է, որը կարող է մեկ անգամ, հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչև վեց ամսով: