Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կապ է հաստատել թիմի կիսապաշտպան և ավագ Ֆեդերիկո Վալվերդեի հետ այն բանից հետո, երբ մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե ուրուգվայցի ֆուտբոլիստը հրաժարվել է մասնակցել Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 2-րդ տուրի՝ ղազախական «Կայրաթի» դեմ խաղին (5:0)՝ աջ եզրային պաշտպանի դիրքում: Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Ակումբին մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ Պերեսը զրույցի ընթացքում աջակցություն է հայտնել Վալվերդեին՝ ընդգծելով, որ նա վայելում է ինչպես ակումբի ղեկավարության, այնպես էլ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի լիակատար վստահությունը:
Նախագահը նաև նշել է, որ Վալվերդեն չպետք է ուշադրություն դարձնի մամուլում տարածված այն տեղեկություններին, որոնք կարող են վնասել իր հեղինակությանը: Զրույցից հետո ֆուտբոլիստը, հուզվելով, արցունքներով շնորհակալություն է հայտնել:
Ընթացիկ մրցաշրջանում Վալվերդեն մասնակցել է Իսպանիայի առաջնության բոլոր հանդիպումներին՝ կատարելով երեք գոլային փոխանցում: Նա նաև մեկ խաղ է անցկացրել Չեմպիոնների լիգայում: