Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությանը ընդունել է էմիրությունների փոխվարչապետ-ներքին գործերի նախարար, գեներալ-լեյտենանտ շեյխ Սեֆ բին Զայեդ Ալ Նահյանը։
Հանդիպումը նշանավորվել է կողմերի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ։
Փոխադարձության սկզբունքի վրա հիմված հուշագիրը վերաբերում է երկու պետությունների ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչմանը, այն է՝ ոչ բնակության նպատակով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի քաղաքացիները կարող են իրենց ազգային վարորդական իրավունքի վկայականով անարգել երթևեկել այդ պետության տարածքում, իսկ բնակության նպատակով գտնվելու պարագայում՝ վարորդական վկայականի փոխանակման համար դիմող անձն ազատում է դրա հետ կապված տեսական և գործնական քննություններից:
Արփինե Սարգսյանն ու շեյխ Սեֆ բին Զայեդ Ալ Նահյանը առանձնահատուկ կարևորել են հուշագիրը և ընդգծել, որ այն դրական քայլ է ներքին գործերի նախարարությունների համագործակցության ամրապնդման առումով և միտված է երկու պետությունների քաղաքացիներին ավելորդ անհարմարությունից ազատելուն։