Երբ դու միջազգային դատական գործընթացները հանում ես ամբողջ պատկերի միջից, մնում է Բաքվի դատավարությունը. Եղիշե Կիրակոսյան

NEWS.am.

Չեմ կարծում, որ ճիշտ է Բաքվում ընթացող դատավարությունները դատավարություն համարել, որովհետև այստեղ շատ լուրջ թակարդ կա, այդ դատավարությունները  շատ ուղիղ, շատ հստակ վերահսկվում են, ուղղորդվում են և ունեն նպատակ ու սցենար։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 1–ին, Բաքվում պահվող հայ գերիների և պատանդների իրավունքների թեմայով քննարկմանն ասաց ԵՊՀ Միջազգային դատարաններ և արբիտրաժ մագիստրոսական ծրագրի ղեկավար Եղիշե Կիրակոսյանը։

Նա հայտարարեց, որ միջազգային դատական պրոցեսների կարևորությունն առանցքային է, որովհետեւ երբ դու միջազգային դատական գործընթացները հանում ես այս ամբողջ հավասարման միջից, այսինքն հանում ես ընդհանուր այս ամբողջ պատկերի միջից, մնում են Բաքվի դատավարությունները։

«Ակնհայտ է, Բաքվի դատավարությունները շարունակվելու են, ակնհայտ է, որ միակողմանի ճշմարտությունը պարտադրվելու է։ Իսկ այդ միակողմանի ճշմարտության պարտադրումը այդքան էլ լավ հետևանքներ չի բերելու նաև երկարաժամկետ կտրվածքով։ Առհասարակ ինչի՞ մասին է խաղաղությունը, կարծում եմ՝ խաղաղությունը նաև ճշմարտության մասին պետք է լինի։ Պարզ է, որ պատերազմական հանցագործությունները, մարդու իրավունքների պարբերական խախտումները միակողմանի չեն եղել։ Պարզ է, որ պատերազմական իրավիճակներում հնարավոր են նաև երկկողմանի խախտումներ, բայց այստեղ խոսքը նաև միջազգային դատական գործընթացների իմաստն է, հենց այս հավասար հնարավորությունը պատմությունը ճիշտ ձևակերպելու կամ ճիշտ գրելու մասին։ Հակառակ պարագայում դրանից դու զրկվում ես միջազգային դատական գործընթացներում։

Այս առումով, ես հուսով եմ, որ ինքնուրույն դատական գործընթացները կշարունակվեն, կլինեն շարունակական, որովհետև սրանք շատ-շատ-շատ կարևոր նաև անվտանգային երաշխիքներ են պարունակում իրենց մեջ, առաջին հերթին նաև պահվող անձանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից»,–ասաց Կիրակոսյանը։

Նա աբսուրդային որակեց մոտեցումը, որ միջազգային իրավական գործընթացներով կարող ենք ռիսկի ենթարկել այդ անձանց, նրանց պահման պայմանների վրա ազդել. «Շատ վտանգավոր է այդպես մտածելը, դա կարող  է պտույտի մեջ է գցել քեզ։ Ինչքան էլ, որ Ադրբեջանը, որպես երկիր, չունենա ցանկալի վերաբերմունք միջազգային դատարանների որոշումների նկատմամբ, որը մենք կուզեինք, բայց այս քայլերն անիմաստ չեն։ Նույնիսկ նմանատիպ բովանդակություն ունեցող երկրների համար, միջազգային դատական պրոցեսները ունեն հստակ ազդեցություն։ Իրենք վստահաբար ազդում են պետության վարքագծի, վստահաբար սահմանափակում պետության գործողության շրջանակները, վստահաբար ստեղծում են լրացուցիչ կապանքներ քաղաքական առումով, ռեպուտացիոն առումով, շատ-շատ այլ առումներ, որոնք կարծում եմ կարևոր են առհասարակ երկարաժամկետ կտրվածքով։

Կարևոր է, որ միջազգային դատարանների կայացրած որոշումների հետամուտ լինելու պրոցեսը անընդհատ լինի։

Leave a Comment