Ովքեր կընդգրկվեն բժշկական ապահովագրության համակարգում 2026-ին – Live News

«Ապահովագրությունն իրականացվելու է եռամյա փուլային տարբերակով։ Մենք սկսում ենք 2026-ից թվականից՝ ներառելով հետևյալ խմբերը. մինչև 18 տարեկան երեխաները պետության 100 տոկոս սուբսիդավորմամբ կընդգրկվեն բժշկական ապահովագրության համակարգ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա նշել է, որ կառավարությունը հաստատել է 2026 թ պետական բյուջեի նախագիծը, որտեղ հաշվարկված են այս համակարգի ներդրման հետ կապված ծախսերը։

Այս տարվանից ապահովագրության համակարգ կներառվեն նաև 65 տարին լրացած քաղաքացիները։

«Ես ուզում եմ շեշտադրել մեր պետության հանձնառությունը մեր քաղաքացիների նկատմամբ, որոնք տարիներով աշխատել են, ներդրում են ունեցել երկրի զարգացման, կայացման մեջ, ի վերջո կկարողանանք լուծել նրանք խնդիրները։ Ամենամեծ խումբը հենց այս քաղաքացիներն են»,-ասաց Ավանեսյանը։

18-65 տարեկան հաշմանդամություն, ինչպես նաև անապահովության համակարգում ընդգրկված 28 ու ավելի բարձր միավոր ունեցող քաղաքացիները ևս կներառվեն  բժշկական ապահովագրության համակարգում։ Ավանեսյանը նշեց, որ այս խմբերում ընդգրկված մարդկանց կազմը կարող է փոփոխվել՝ ըստ ֆունկցիոնալության գնահատման չափանիշների փոփոխության, ինչպես նաև միավորների հաշվման արդյունքների։

«Ամսական 200 հազար և ավելի եկամուտ ունեցող անձանց խումբը ևս ներառվելու է այս համակարգում։ Այս քայլն անում ենք, որպեսզի հնարավորինս շատ մարդկանց ներգրավենք համակարգում։ Այս խմբի անձանց թիվը մոտ 190 հազար է»,-ասել է Ա. Ավանեսյանը։

Պաշտոնյայի խոսքով, ընդհանուր առմամբ, առաջին փուլը վերաբերելու է 1 մլն 600 հազար մարդու։ Սա վերաբերում է այն ՀՀ քաղաքացիներին, որոնք համարվում են ռեզիդենտ, քանի որ միջոցներն ուղղվում են պետական բյուջեից։

Նախարարի խոսքով, ապահովագրական փաթեթն առաջին փուլի համար կազմում է 129.600 դրամ, այդ շրջանակում ընդգրկված են կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված սկրինինգային ծրագրերը, հիվանդանոցային ծառայություններ, դեղորայքային ապահովում, շտապ օգնության ծառայություն, որոնք սահմանվելու են կառավարության որոշմամբ։

«Ամեն քաղաքացի շատ պարզ ձևով տեսնելու է, թե այս ծառայությունը ապահովագրության շրջանակներում փակվելո՞ւ է, թե՞ ոչ։ Ընտրել ենք ամենամեծ հիվանդացության, մահացության բեռ ունեցող հիվանդությունները և ներառել ենք այս փաթեթի կազմում»,-ասել է Ա. Ավենասյանը։

Leave a Comment