Տևական ժամանակ է`Սյունիքի սահմանամերձ Արավուս ու Խնածախ գյուղերում կրակոցների ձայներ չեն լսվում։ Խնածախցիներն անգամ իրենց անասուններին կարողանում են տանել սահմանին մոտիկ արոտավայրեր։ Խաղաղության հուշագրի նախաստորագրումից հետո սահմանամերձ գյուղերի բնակիչներն արդեն իրենց առօրյայով են զբաղվում, բայց էլի զգոն են։ Կարմիր խաչի միջազգային ընկերությունը Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքներում աջակցման ծրագրեր է իրականացնում։
«Մենակ էս մի հատն է թույլ, էն էլ սարից բերել եմ, երևի սարից իջնելիս հարձակվել են միջատները, մի քիչ թույլ է, դե դժվարություն չկա, տեղը տեղին կերը տալիս եմ, որ գոյությունը պահեն»։
2023թ․ սեպտեմբերից Լեռնային Ղարաբաղից տեղահանված Դավիթ Աթանեսյանն է պատմում իր մեղվափեթակների մասին։ Սյունիքի սահմանամերձ Տեղ բնակավայրում է ապրում ընտանիքի 6 անդամների հետ։ Երկու տարուց արդեն կկարողանա մեղր քամել ու վաճառել։ Ընտանիքի ոչ մի անդամի չի թողնում մոտենալ մեղվափեթակներին։
Դավիթ Աթանեսյան․ «Հարսս էր ուզում, չթողեցի, երևի շատացնեմ, դրանով զբաղվեմ։ Թեթև գործ է, քան բոստանը։ Դե որ եկամուտ տա, ամեն ինչը դրանից ստեղծվում ա լի»։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակն է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվելուց հետո Սյունիքի սահմանամերձ գյուղերում բնակություն հաստատած յուրաքանչյուր ընտանիքի 4 փեթակ տրամադրել։ Ծրագիրը մեկնարկել է այս տարվանից, ծրագրի անդամներին այս առումով անհրաժեշտ հագուստ և գործիքներ են տրամադրվել, իսկ ցանկացողների համար կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ: ԿԽՄԿ-ի Գորիսի գրասենյակի ներկայացուցիչ Հարություն Հարությունյան։
«Այս ծրագրից օգտվել է մոտ 50 ընտանիք՝ Տեղ, Տաթև, Կապան, Մեղրի համայնքներում։ Բավականին լայն աշխարհագրություն ունի, առաջին տարին է դեռ, բերքի մասին չենք կարող խոսել, բայց հույս ունենք, որ եկող տարիներին կկարողանան մեղվափեթակներն ավելացնել»։
Մեկ այլ ծրագրով սահմանամերձ բնակավայրում Կարմիր Խաչը բուժկետ է կառուցել։ Այն ապրիլից է սկսել գործել, մինչև այդ բուժկետը դպրոցի դասասենյակներից մեկում էր` անբավարար պայմաններով։ Գյուղում 40 տարի բուժքույր աշխատող Լիդիա Բալայանն ասում է, որ նախկինում իրեն դիմող բոլոր բուժառուներին Գորիս կամ Տեղ գյուղ էր ուղարկում, իսկ հիմա կարողանում է անհրաժեշտ առաջին բուժօգնությունը ցույց տալ։ Լիդիա Բալայան․
«Զարկերակային ճնշումն եմ չափում, ալերգիաների դեպքում են դիմում, մանկահասակ երեխաների եմ պատվաստում։ Սթրեսը մեծ է էստեղ, թուրքը հես է՝ դիմացը, մի ձայն է գալիս, վախենում ենք, որ թուրքը կհասնի էստեղ»։
Մոտ մեկուկես ամիս է` կրակոցի ոչ մի ձայն չի լսվում՝ ասում են սահմանամերձ Արավուսի ու Խնածախի բնակիչները։ Սա կապում են խաղաղության պայմանագրի նախաստորագրման հետ։ Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյան․
«Կարևորը` կրակոցներ չկան, անասնապահները մինչև սահման գնում են արդեն, չեն վնասում։ Մեկ-մեկ խոսակցություն-բան կլինի, սովորել ենք արդեն։ Նենց էլ չի, որ մեզ նեղություն էին տալիս, ոչ թե նեղություն էին տալիս, իրենք էին իրենց արածից նեղվում»։
Խնածախում այս տարի 30 հա հող է մշակվել։ Կարմիր խաչի աջակցությամբ Խնածախ, Վաղատուր, Արավուս գյուղերի վարելահողերի բարելավման ծրագիր է իրականացվել, ու գյուղացիները կարողացել են հողերը մշակել ու ցանք անել։ Մոտ 30 տարի այդ հողերը չէին մշակվել, քանի որ գյուղացիների մեծ մասը զբաղվում էր անասնապահությամբ: «2020 թվականի հակամարտությունից հետո իրավիճակը փոխվեց, անասունների գլխաքանակը նվազեց` արոտավայրերի բացակայության պատճառով մարդիկ սկսեցին հող մշակել, ուստի նման ծրագրի կարիք առաջացավ», — ասում է ԿԽ ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը:
«Իրացման խնդիր չկա այստեղ, մարդիկ անասուններ ունեն, կարող են որպես անասնակեր օգտագործել, կարող են հացահատիկից ալյուր սարքեն՝ իրենց անձնական օգտագործման համար։ Ուղղակի խնդիրն այն է, որ մթերման արժեքը ցածր է լինում»։
Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանի խոսքով՝ գյուղն ունի 950 հեկտար վարելահող, սակայն ոչ բոլոր գյուղացիներն ունեն այն մշակելու հնարավորություն։ Իրականում օգտագործվում է մոտ 300-350 հեկտարը։ Թղթաբանության խնդիր կա՝ ասում է Սեյրան Միրզոյանը․
«Մարդիկ տան, հողերի գրքույկների խնդիր ունեն։ Սա խոչընդոտում է, որ մարդիկ պետական սուբսիդիաներից օգտվեն»։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, սակայն, խնածախցիներին հավաստիացնում է, որ արդեն սկսվել է գործընթացը, մարզպետի աշխատակազմը կաջակցի, որպեսզի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ունենան իրենց տների սեփականաշնորհման վկայականները։ Սրանից բացի, խնածախցիները կառավարությունից մեկ խնդրանք էլ ունեն՝ գյուղում աշխատեղերի հարց լուծվի, որպեսզի երիտասարդները մշտապես բնակվեն գյուղում։