
Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովի ելույթից հետո «Հաղթանակած երկրներ. Երկրորդ համաշխարհային պատերազմի դասը և խաղաղության պատասխանատվությունը» միջազգային ֆորումի մասնակիցները խստորեն դատապարտեցին Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական վանդալիզմի դրսևորումները Հայրենական մեծ պատերազմի հայ հերոսների հուշարձանների նկատմամբ։
ՀՀԿ-ն, մասնավորապես ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը միջազգային տարբեր հարթակներում պարբերաբար բարձրաձայնում է ադրբեջանական վանդալիզմի և ֆաշիզմի դրսևորումների մասին հայկական մշակույթի և պատմության ժառանգության նկատմամբ։
Մոսկովյան ֆորումում Շարմազանովը մասնավորապես նշեց. «80 տարի առաջ նացիստական Գերմանիան և նրա դաշնակիցները պարտվեցին, բայց, ցավոք, ֆաշիզմի և վանդալիզմի դրսևորումները շարունակվում են մինչ օրս։ Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի պատերազմից հետո Հայրենական մեծ պատերազմի հերոսների հայկական հուշարձանները հայտնվել են ադրբեջանական վանդալիզմի թիրախում։ Պղծվել են ԽՍՀՄ մարշալ Ի. Բաղրամյանի, ավիացիայի մարշալ Ա. Խանփերյանցի և Խորհրդային Միության կրկնակի հերոս, Լենինգրադի պաշտպան Նելսոն Ստեփանյանի հուշարձանները։ Նեոնացիզմի նման դրսևորումները պետք է խստորեն դատապարտվեն»։
Դրանից հետո ֆորումի մասնակիցները դատապարտեցին Լեռնային Ղարաբաղում Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների հիշատակի նկատմամբ ադրբեջանական վանդալիզմի դրսևորումները։