
Խաղաղության պայմանագիր կոչված անհեթեթությունը փափուկ բարձ է հայ ժողովրդի գլխի տակ, մոլորեցնելու միջոց է Հայաստանը թրքահպատակության հորձանուտը ներքաշելու համար…
«Եթե թուրքը խաղաղության մասին է խոսում, ուրեմն պատերազմ է լինելու»․ հունական ասացվածք։
Իսկ խաղաղությունն այն էլ թուրքի հետ միֆ է, պատրանք է, ինքնախաբեություն է։ «Քանի դեռ լուծված չէ թուրքական չարիքի հարցը, ապագա աշխարհում խաղաղության մասին խոսելն անհեթեթություն է».- 1918 թ․ ասել է ԱՄՆ 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտը։ Իսկ Հիտլերն էլ գտնում էր, որ. «Միայն թույլերն ու հիմարները կարող են հավատալ խաղաղությանը»։
Մեր սիրելի ու այդքան տաղանդավոր ժողովրդի մի զգալի հատվածն էլ միամտաբար դեռ հավատում է, թե ոչ մի երաշխիք չունեցող թղթի կտորով, պարտությամբ ու զիջումներով հնարավոր է խաղաղություն ունենալ։ Իրականությունից ամենակտրվածն ու անգետն անգամ չի կարող հավատալ, որ խաղաղության համար ոչինչ չանելով, բանակը կազմաքանդելով, հերոսներին, պետական ինստիտուտներն ու խորհրդանիշերը արժեզրկելով ու պղծելով, պատերազմի սարսափ տարածելով մարդկանց մեջ պայքարի ոգին ջարդելով, ռազմական ծախսերը չավելացնելով, դաշնակիցների հետ թշնամանալով ու միջազգային երաշխիքներ չունենալով, ապազգային, թշնամու շահերը բացահայտ սպասարկող իշխանություն ունենալով ու պատերազմին պատրաստ չլինելով, կորսված միջազգային հեղինակությամբ ու ինքնիշխանությամբ կարելի է խաղաղություն ունենալ։ Մինչդեռ ինչպես Թեոդոր Ռուզվելտն է ասել. «Իրականում հաջողությունն ու փառքը պատկանում են այն ազգերին, որոնց դեմքը պատված է փոշով, քրտինքով ու արյունով, որոնք արիաբար ձգտում են հաղթանակի և կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել քո երկրի համար, սակայն ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես կյանքդ ապրել հանուն քո երկրի»։ Իսկ իրական խաղաղությունն էլ մեր ներսում, անկոտրում ոգու, արիության ու իմաստնության մեջ, մեր առաքինությունների` խիզախության, հայրենիքի նկատմամբ անսահման սիրո, ինքնազոհության պատրաստ լինելու, պայքարելու կամք դրսևորելու մեջ և տարածաշրջանում անկեղծ շահեր ունեցող, հուսալի ու հզոր դաշնակիցների հովանու ներքո պետք է փնտրենք։ Իսկ մեզ սիրելի ժողովուրդ, հինավուրց ու տաղանդավոր մեր ազգին ամենևին պատիվ չի բերում իրականությունից այսքան կտրված, դյուրահավատ ու պարզունակ լինելը, պատրանքներով ու զավեշտներով ապրելը։ Եվ ինչպե՞ս հավատալ մի իշխանության խաղաղության պայմանագրին, որը համագործակցելով քո թշնամու` Ադրբեջանի հետ, քո երկրի անվտանգության հիմնական երաշխավորի ու դաշնակցի` Ռուսաստանի դեմ է հանդես գալիս։