Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառման, շնորհակալություն է հայտնել նրան։ X-ի միկրոբլոգում հրապարակած հաղորդագրությանը նա կցել է իր ու Նիկոլ Փաշինյանի լուսանկարը։

«Շնորհակալություն, նախագահ Դոնալդ Թրամփ, Ձեր բարի խոսքերի համար։ Ես խորապես գնահատում եմ ձեր կարևոր դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի առաջխաղացման և Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովը հյուրընկալելու գործում։
Դուք Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև հավերժական բարեկամության և ձևավորվող ռազմավարական գործընկերության ճարտարապետն եք։ Ես մեծապես գնահատում եմ մեր բարեկամությունը»։
Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ նախագահը սոցիալական ցանցի իր էջում գրել էր.
«Ինձ համար մեծ պատիվ է օգնել Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի լուծմանը և, միևնույն ժամանակ, մտերմանալ այդ երկու մեծ առաջնորդների և մարդկանց՝ նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Դա հավերժական բարեկամություն կլինի ինձ, բայց ավելի կարևորը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար»։
Տեքստին կից նա հրապարակել էր իր, Փաշինյանի ու Ալիևի լուսանկարը, որն արվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում։

Նիկոլ Փաշինյանը արձագանքելով Թրամփի գրառմանը՝ գրել էր․
«Կրկին շնորհակալություն, նախագահ Դոնալդ Թրամփին, Ադրբեջանի հետ այս պատմական համաձայնագրի կնքման միջնորդության համար, ինչին դեռ ոչ ոք չի հասել։ Վերահաստատում եմ իմ հանձնառությունը՝ աշխատել խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման և TRIPP-ի իրականացման ուղղությամբ»։