
«Քոչարի» կուսակցությունը խիստ դատապարտում և անհանգստություն է հայտնում կառավարության այն քայլի համար, որի հետևանքով պետական մուտքի/ելքի կնիքների վրա այլևս չի պատկերվելու Արարատ լեռը՝ մեր ժողովրդի սրբազան խորհրդանիշերից մեկը։ Ըստ պաշտոնական հաղորդումների՝ համապատասխան փոփոխությունը ընդունվել է կառավարության վերջին նիստերից մեկում և նախատեսված է ուժի մեջ մտնել այս տարվա հաջորդ ամսից՝ նոյեմբերի 1-ից։
Արարատը պատմական, հոգևոր և ազգային խորհրդանիշ է, որը դարեր շարունակ միավորել է հային, պահպանել նրա ինքնությունը։ Նրա տեղը պետական խորհրդանիշներում ու հանրային պատկերներում առանցքային է։ Այսպիսի փոփոխությունները, ինչպիսին այս որոշումն է, անպայման պետք է լինեին հանրային լայն քննարկման առարկա՝ ազգային համաձայնության, մշակութային փորձաքննության և նույնիսկ օրենսդիր վերահսկողության ներքո։
Մինչդեռ այս որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ ընթացքի մեջ են պաշտոնական բանակցություններ հարևան երկրի հետ՝ առաջացնելով հիմնավոր կասկածներ հնարավոր «զիջումների» մասին։ Դա խիստ մտահոգիչ է և ստիպում է մտածել, որ նման փոփոխությունները կարող են լինել քաղաքական հաշվարկների արդյունք։
Մենք հայտարարում ենք
- Այս քայլը համարում ենք հերթական զիջում, ինչը վնասում է ազգային ինքնագիտակցությանը և մեր մշակութային ժառանգությանը։
- Պահանջում ենք որոշման իրավական բացատրությունը՝ հրապարակայնորեն, տրամաբանական հստակությամբ՝ ինչի վրա է հիմնված փոխարինման անհրաժեշտությունը (տեխնիկական, անվտանգության, միջպետական պայմանավորվածություն և այլն)։
- Կարևոր ենք համարում, որ առանց հանրային քննարկման նման կարևոր փոփոխություններ չարվեն։ Առաջարկում ենք անցկացնել արտահերթ խորհրդարանական լսումներ և մասնագիտական քննարկումներ՝ մշակութաբանների, պատմաբանների, եկեղեցական և սփյուռքի ներկայացուցիչների մասնակցությամբ։
- Կոչ ենք անում կառավարությանը հրապարակել բոլոր փաստաթղթերը, որոնք ցույց կտան, թե փոխարենը ինչ տեսք է ստանալու պետական կնիքը և ինչ երաշխիքներ կան ազգային խորհրդանիշների պահպանության համար ցանկացած միջազգային կամ երկկողմ համաձայնագրերում։
Եթե այս տրամաբանությամբ շարունակվի, չի բացառվում իշխանությունները դիմեն իրենց նախընտրած կաթողիկոսական թեկնածուներին՝ Աստվածաշնչի տեքստերից ևս Արարատ լեռը հեռացնելու համար, որպեսզի այն չխանգարի և չանհանգստացնի հարևան Թուրքիային։ Սա ոչ միայն ազգային ինքնության, այլև հոգևոր հիմքերի խեղաթյուրում կլինի, ինչը երբեք չի կարող արդարացվել որևէ քաղաքական պայմանավորվածությամբ։
«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունը կոչ է անում համազգային միասնություն՝ պաշտպանելու Արարատ լեռը որպես մեր ինքնության անկյունաքար։ Մենք պատրաստ ենք նախաձեռնել և առաջնորդել օրինական, մասնագիտական և համազգային գործընթաց՝ խնդրի արագ, արժանապատիվ և հրապարակային լուծման համար։
Հարգանքով՝ «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության վարչություն