Վատիկանյան հանդիպումը բախտորոշ նշանակություն է ունենալու. Հակոբ Բադալյան – Live News

«Սա իհարկե շատ էական տեղեկություն է. Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 15-ին մեկնել է Վատիկան, որտեղ հանդիպում կունենա Հռոմի Պապ Լևոն 14-րդի հետ,- գրում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ Ես թերևս չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ այս հանդիպումը բախտորոշ նշանակություն է ունենալու Հայաստանի ներսում եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձությունների համատեքստում:

Շեշտեմ, կամ հստակեցնեմ, որ խոսքը պետք չէ ընկալել պարզունակ տրամաբանության մեջ, այն իմաստով, թե՝ Հռոմի Պապը կամ կսատարի Ամենայն հայոց Կաթողիկոսին և այդպիսով Հայաստանի իշխանությունը չի համարձակվի գնալ այդ սատարումն ունեցող ՀԱԵ ղեկավարության դեմ՝ հաշվի առնելով Վատիկանի համաշխարհային ազդեցությունը, կամ՝ չի սատարի և առավել կբարդանա Գարեգին Երկրորդի դրությունը:
Ես բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, որ ՀԱԵ շուրջ ստեղծված իրավիճակը Կաթողիկոսի հարց չէ և լոկ Հայաստանի ներքաղաքական հարց չէ: Այն միջազգային օրակարգի հարց է, որում Նիկոլ Փաշինյանը փորձում է ընդամենը քաղել իր դիվիդենտները՝ գործելով այդ օրակարգին համահունչ:
Միջազգային օրակարգում ՀԱԵ-ն ու Վատիկանը բնականաբար համաչափ սուբյեկտներ չեն, բայց ՀԱԵ-ն ունի բավականաչափ պատմա-քաղաքակրթական հենք, միջազգային օրակարգում իր նշանակալի տեղն ունենալու, հետևաբար Վատիկանի լայն օրակարգի համատեքստում իր սուբյեկտային տեսանելիությունը ունենալու համար: Հետևաբար, դա բերում է նրան, որ Սուրբ Աթոռը և ՀԱԵ-ն ունեն քննարկելու լայն հարցեր, լինելով համաշխարհային դավանա-քաղաքական և աշխարհաքաղաքական տարբեր համատեքստերում:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Հռոմի Սուրբ Քահանայապետը Վատիկանում անկասկած քննարկելու են այդ հարցերը»։

Leave a Comment