«Այսօրվա ընդդիմությունը «нищий» է, քաղաքական առումով իրեն սպառել է», «Եթե մենք պիտի ամաչենք, դուք գետինը պիտի մտնեք»․ Փոխադարձ կծոցիներ՝ ԱԺ հայտարարությունների ժամին, բաժին հասավ նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին

«Ոչ չի լինելու նման համաներում»

«Պալկովնիկ Կուդասով «нищий» »,- ԱԺ հայտարարությունների ժամին այսօր հայտնի ֆիլմից մեջբերում արեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ զուգահեռելով ընդդիմության հետ․ «Այսօրվա ընդդիմությունը «нищий» է, քաղաքական առումով իրեն սպառել է»։

Ալեն Սիմոնյանը պատասխանեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի՝ համաներում անելու առաջարկին․ «Ոչ չի լինելու նման համաներում»։

Ալեն Սիմոնյանի փոխանցմամբ, Հայկ Մամիջանյանը հույս ունի, որ «իրենց որոշ ընկերների» վրա կտարածվի համաներումը, բայց նման բան չի լինելու։

«Ես ելույթ ունեցա տիկին Խամոյանին պատասխանելու համար»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ ընթերցելով Միքայել Աջապահյանի նախկին հարցազրույցներից մի կտոր, որտեղ վերջինս քննադատում է Բագրատ սրբազանին՝ իր առաջնորդած շարժման անհաջողության պատճառներ համարելով նախկին նախագահների հետ կապը։

«Մի ութ ամսից ընտրություններ են, մտածե՞լ եք՝ ինչ խոսույթով եք գնալու։ Ես գիտեմ, ինչ-որ խոսակցություններ կան, ինչ-որ մարդիկ ինչ-որ խմբեր են տեղափոխվում, ՀՅԴ-ն առանձին է գնալու, ինչ-որ մարդիկ թազա կուսակցություն են գնալու․․․ խնդիրը մարդը եւ խումբը չի ամենեւին, խնդիրը խոսույթն է՝ ձեր խոսույթը։ Խոսույթը, որը որ դուք այսօր ունեք, այլեւս օրակարգային չէ։ Մտածեք դրա մասին, որովհետեւ ես ուզում եմ, որ հաջորդ ԱԺ-ում ունենանք նորմալ ընդդիմություն»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ագնեսա Խամոյանն իր ելույթում ընթերցել էր Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ, քաղբանտարկյալ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նամակը ԱԱԾ մեկուսարանից։

Մանրամասները՝ տեսանյութում

ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանն էլ որոշեց հակադարձել Ագնեսա Խամոյանին եւ սկսեց կրկնօրինակել Ագնեսա խամոյանին՝ փորձելով խոսել նրա ձայնով։

Մանրամասները՝ տեսանյութում

«Պարոն Ալեքսանյան, երեսից որ խոսացիք, մի հատ հարց տամ․ ի՞նչ երեսով եք այստեղ եկել։ Դուք ձեր նախընտրական ծրագիրը կարդացե՞լ եք, հիշո՞ւմ եք։ Դուք ձեր կառավարության ծրագիրը կարդացե՞լ եք, հիշո՞ւմ եք»,- ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի ելույթին՝ արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն իր ելույթում ընդդիմադիրների էր դիմել. «Հարգելի ընդդիմություն, դուք ի՞նչ եք անում այստեղ։ Ժողովուրդ ջան, օգոստոսի 8-ից հետո առհասարակ ի՞նչ եք անում այստեղ, այստեղ կամերաներ կան, նկարում են, կարող են ձեզ հարցեր տալ, ի՞նչ երեսով եք այստեղ առհասարակ»։

Գեղամ Մանուկյանն էլ հակադարձելով Վահագն Ալեքսանյանին՝ առաջարկեց ընդդիմության վրա մուննաթ գալու փոխարեն, օգոստոսի 8-ից հետո գոնե մեկ անգամ Ալիեւի վրա մուննաթ գալ, որը մինչ օրս հասցրել է խախտել այդ պայմանավորվածությունները, մուննաթ գալ նաեւ Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահի վրա, որը այսօր հայտարարել էր, թե Զանգեզուրի միջանցքը կոչելու են Ալիեւի անունով։ Նա հիշեցրեց, որ անգամ Նիկոլ Փաշինյանը Շանհայի գագաթաժողովում ստիպված եղավ ասել՝ փաստաթղթում այլ բան է, Ալիեւն այլ հայտարարություններ է անում։

Մանրամասները՝ տեսանյութում

Գառնիկ Դանիելյանն էլ վրդովվեց․ «Եթե մենք պիտի ամաչենք, դուք գետինը պիտի մտնեք»։ Նա հիշեցրեց, որ ՔՊ-ն իշխանության էր եկել Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիայի ծրագրով, բայց հանձնեց Արցախը, ՀՀ-ից տարածքներ։

Մանրամասները՝ տեսանյութում

Իսկ ՔՊ-ական Արմենուհի Ղազարյանը ընթերցեց մի հայտարարություն, որում քննադատեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին ու նրա թիմակիցներին՝ ասելով, որ օգոստոսի 8-ից հետո նրանք ակտիվացել են՝ առանձնահատուկ ջանասիրությամբ։ Նա հռետորական հարցեր հնչեցրեց՝ ինչո՞ւ արցախյան առաջին պատերազմից հետո հաղթանակած նախագահը չստորագրեց փաստաթուղթ, որով կամրագրվեին հայկական կողմի ձեռքբերումներն այդ պատերազմում, ինչո՞ւ Ղարաբաղը դուրս մնաց բանակցություններից։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ՝

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment