
Հունաստանը թույլ չի տա, որ Թուրքիան ռազմական նպատակներով արտոնյալ վարկեր ստանա Եվրամիության ռազմականացման հատուկ հիմնադրամից ( Security Action for Europe, SAFE), եթե Անկարան չդադարեցնի Աթենքին պատերազմով սպառնալ՝ Էգեյան ծովում տարածքային ջրերը 6-ից 12 ծովային մղոն ընդլայնելու իր իրավունքի իրացման դեպքում: Այս մասին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է Սալոնիկի միջազգային տոնավաճառում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ։
Վարչապետը նշել է, որ «30 տարի է անցել 1995 թվականից, երբ Թուրքիայի Մեծ Ազգային ժողովը քվեարկել է Հունաստանի համար անընդունելի սպառնալիքի օգտին՝ casus belli-ն (լատիներեն՝ պատերազմ հայտարարելու պաշտոնական պատրվակ)»։ «Ի՞նչ է casus belli-ն։ Եթե դուք ընդլայնում եք ձեր տարածքային ջրերը Էգեյան ծովում, ապա մենք, ըստ էության, սպառնում ենք ձեզ պատերազմով։ Եթե մենք իսկապես ցանկանում ենք հույն-թուրքական հարաբերությունների էական կարգավորում և մեր հիմնարար տարաձայնությունների էության ավելի խորը ըմբռնում, ապա ակնհայտ է, որ Թուրքիան պետք է չեղյալ հայտարարի casus belli-ն», – ասել է Միցոտակիսը։ «Քանի դեռ casus belli-ն շարունակվում է և քանի դեռ Թուրքիան ռևիզիոնիզմ է դրսևորում այլ ոլորտներում, որոնք վնասում են Հունաստանին, ապա Հունաստանը կարգելափակի Թուրքիայի մասնակցությունը SAFE ծրագրին, քանի որ այն ունի նման հնարավորություն», – ընդգծել է վարչապետը։
«Ես կշարունակեմ երկխոսությունը պարոն [Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ] Էրդողանի հետ՝ հաղորդակցության բաց ուղիներ ապահովելու և մեզ մտահոգող հարցերի շուրջ նրա հետ անկեղծ լինելու համար»,- հավելել է կառավարության ղեկավարը։