
Հարցվածների 62 տոկոսը համարում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան։ Լրագրողների հետ հանդիպմանը նման տվյալներ հրապարակեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը՝ վկայակոչելով օգոստոսի 25-30-ն անցկացրած հեռախոսային հարցման արդյունքները։
Հարցին ոչ է պատասխանել 18 տոկոսը, 20 տոկոսը դժվարացել է պատասխանել։
«Սա ամենաբարձր ցուցանիշն է, որ գրանցվել է վերջին 3 տարվա ընթացքում քաղբանտարկյալների մասով։ Ցավալի է, որ այս ցուցանիշը գնալով մեզ մոտ աճում է»,-ասաց բանախոսը։
Հարցին, թե ո՞ւմ եք համարում քաղբանտարկյալ, մասնակիցների 71.5 տոկոսը նշել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի անունը, 38.5 տոկոսը՝ Բագրատ Սրբազանի, 37.8 տոկոսը՝ Միքայել Սրբազանի, 9.6 տոկոսը՝ Արմեն Աշոտյանի, 4.1 տոկոսը՝ Վարուժան Ավետիսյանի անունները և այլն։
Սամվել Կարապետյանի ձերբակալությանը լիովին դրական է վերաբերվում հարցվածների 12.6 տոկոսը, «ավելի շուտ դրական» պատասխանն է ընտրել 5.9 տոկոսը, «ավելի շուտ բացասական»՝ 16.4 տոկոսը, ընդհանրապես բացասականը՝ 45 տոկոսը։ Հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 17 տոկոսը։