Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները կարևորել են հանդիպման անցկացումը՝ ընդգծելով, որ այն արդյունավետ հնարավորություն է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը և դրանց հետագա զարգացման ուղիները քննարկելու համար։

Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Ռուսաստանի միջև շարունակական ու ակտիվ երկխոսությունը՝ կարևորելով ինչպես բարձր մակարդակի անձնական շփումները, այնպես էլ միջպետական ինստիտուցիոնալ համագործակցությունը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախքան Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կայանալիք բանակցությունները, Չինաստանում «ոտքի վրա» զրույց են ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
