Մեսրոպ Առաքելյան. «Եթե Ադրբեջանը գնում է խաղաղության, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, ՔՊ-ականներից մեկը առաջիկա ամիսներին կգնա Բաքու, դեսպան աշխատելու, երբ մի քանի հարյուր մետր այն կողմ տանջվում են մեր գերիները»

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով իշխանության գովազդած խաղաղության մասին՝ արձանագրեց, որ խաղաղության համար, ակնհայտ է, պետք է ունենանք ուժեղ պետություն, ուժեղ տնտեսություն՝ ուժեղ բանակով, ուժեղ դիվանագիտությամբ, ինչը այս իշխանության օրոք բացառված է, որ այս իշխանությունն ընդամենը սպասարկում է Ադրբեջանի շահերը եւ անընդհատ գնում է զիջումների:

Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, թե 2026 թվականին պետք է ընտրություն կատարել խաղաղության եւ ոչ խաղաղության միջեւ, քաղաքական գործիչն ասաց. «2026-ին պետք է ընտրություն կատարենք խաղաղության եւ Նիկոլ Փաշինյանի կեղծ, խարխուլ խաղաղության միջեւ: Խաղաղությանն այլընտրանք չկա, ժողովուրդն ամեն ինչ անում է խաղաղության համար: Ոչ խաղաղություն թեզը հենց Նիկոլ Փաշինյանն է: 2021 թվականից հետո միայն Նիկոլ Փաշինյանի օրոք են բերվում ռազմական գործողություններ, զոհեր, բռնի տեղահանվածներ: Ոչ խաղաղությունը էլ ինչպե՞ս պետք է լինի:

Եկեք հասկանանք, թե Վաշինգտոնում ինչ տեղի ունեցավ: Շոու, որ բերեցին, գցեցին՝ պատմական օր: Քիչ է մնում տոն դարձնեն, ոչ աշխատանքային օր, չնայած, իրենք երբ են աշխատել որ մի հատ էլ այդ օրը չաշխատեն: Տեսան, որ դա էլ էֆեկտ չտվեց, հասարակությունը իներտ էր: Դրանից հետո տեղի ունեցավ հայտնի ուղերձը: Այդ ուղերձն էլ որեւէ ազդեցություն չունեցավ: Հետո տեղի ունեցավ մեկ այլ «պատմական իրադարձություն». Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո իջավ լրագրողների մոտ եւ առաջին անգամ, այսպես կոչված, անակնկալ ասուլիս արեց: Դրա նպատակը էլի օգոստոսի 8-ի քարոզչության շարունակում էր:

Եթե հասարակությունն այդ ամեն ինչը ցնծությամբ ընդունել է, էլ ի՞նչ իմաստ ունի ամեն օր դրա մասին խոսել: Ակնհայտ է, որ հասարակությունը չի ընկալում այդ օգոստոսի 8-ը, որ վերջնական ամեն ինչ ավարտվել է: Մեր հասարակության խնդիրը Ադրբեջանն է, ոչ թե փաստաթուղթը: Այդ փաստաթուղթը ստորագրվել է, երբ մեր 23 հայրենակիցներ Ադրբեջանի բանտում են: Որեւէ բանական մարդ չի մտածում, որ Ադրբեջանը ուզում է խաղաղություն:

Գերիների առկայության նպատակը ո՞րն է: Եթե Ադրբեջանը գնում է խաղաղության, նորմալ, բարիդրացիական, դիվանագիտական հարաբերությունների, ի՞նչ է տեղի ունենալու: Հայաստանից այդ ՔՊ-ականներից մեկը պատրաստվում է առաջիկա ամիսներին գնալ Բաքու, դեսպան աշխատել, երբ մի քանի հարյուր մետր այն կողմ տանջվում են մեր գերիները: Դա է՞ խաղաղությունը: Սա ուղղակի մարազմ է»,-ասաց Մեսրոպ Առաքելյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment