Կառավարությունը 3.2 մլն դոլար կծախսի ՀԷՑ-ի արբիտրաժային հայցից պաշտպանվելու համար

Հայաստանի կառավարությունը ավելի քան 3.2 միլիոն դոլար է ծախսելու Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում Հայաստանի էլեկտրական ցանցի հայցից պաշտպանվելու համար։ Համապատասխան հատկացումն արվեց կառավարության այսօրվա նիստում։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Հայաստանի շահերը Ստոկհոլմի արբիտրաժում ներկայացնելու է Arnold and Porter միջազգային իրավաբանական ընկերությունը։ 1946 թվականին ստեղծված իրավաբանական ընկերությունն աշխարհում ունի 16 գրասենյակ, 1000 աշխատակից, մասնագիտացած է կարգավորիչ մարմինների հետ վեճերի, մասնավոր սեփականության վեճերի, շուկայական վեճերի մեջ։ Իրավաբանական այս ընկերությունում է պաշտոնաթողությունից հետո աշխատում ԱՄՆ նախկին գլխավոր դատախազ Մերիք Գարլանդը։ Իրավաբանական այս ընկերությունը ներգրավված է եղել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նախաձեռնած ծննդյան հիմքով ԱՄՆ քաղաքացիություն ստանալու կարգավորումները վերացնելու որոշման դեմ՝ աջակցելով տարբեր իրավապաշտպան խմբերի։ Arnold and Porter-ի և նախագահ Թրամփի միջև իրավական վեճ էր սկսվել նաև 2020-ին, երբ ընկերությունը սկսեց զբաղվել ԱՄՆ-ում աֆրոամերիկացիների պաշտպանության Black Lives Matter շարժմանն աջակցելով։

Ըստ կառավարության հիմնավորման՝ Arnold and Porter-ը «հատկապես ներդրումային արբիտրաժային վարույթների շրջանակներում պետությունների շահերի պաշտպանության գործերով հաջողել է վերջին 60 որոշումներից 53-ում»։

Կառավարության կողմից ընկերությանը հատկացված 3.2 միլիոն դոլարը չի ներառում հարկերը, փորձագիտական, կեցության, տրանսպորտային, թարգմանչական, արբիտրաժային վարույթի ծախսերը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում

Leave a Comment