60-օրյա հրադադար՝  պատանդների ազատ արձակման դիմաց․ նոր առաջարկ ՀԱՄԱՍ–ին՝ Իրայելում բողոքի ցույցերի ֆոնին

Վերջին մեկ շաբաթում իսրայելական ուժերն արդեն ակտիվացրել են գործողությունները Գազայի ծայրամասերում։ Զեյթուն և Շեջայա շրջանների բնակիչները հայտնում են, որ Իսրայելը զանգվածաբար գնդակոծում է օդից ու ցամաքից։ ՑԱՀԱԼ-ը հայտնում է, որ նոր գործողությունները թունելները մաքրելու և տարածքում զինյալներին վերացնելու նպատակ ունեն։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, այսպես կոչված, «Մեծ Իսրայել» գաղափարի շրջանակում Գազայում տեղի ունեցող ռազմական գործողություններին զուգահեռ՝ պատերազմը դադարեցնելու և Գազայում պահվող պատանդներին ազատ արձակելու կոչերով բողոքի ակցիաներ են անցկացվում Իսրայելում։

Իսրայելում արդեն մի քանի օր է՝ հարյուր հազարավոր մարդիկ բողոքի ցույցեր են անցկացնում՝ պահանջելով դադարեցնել պատերազմը Գազայում և վերադարձնել այնտեղ պահվող պատանդներին։ Իսրայելցիների մի ստվար զանգված դեմ է արտահայտվում Իսրայելի վարչապետ Նեթանյահուի «Մեծ Իսրայել» գաղափարին․ նրանք դրան են վերագրում իրենց հարազատների պատանդառությունն ու զոհերը։ «Ռազմական ճնշումը սպանում է պատանդներին»,- վանկարկում են ցուցարարներն ու թմբուկներ զարկում Իսրայելի փողոցներում և, այսպես կոչված, «Պատանդների հրապարակում»։ 

Ցուցարարները պահանջում են Գազայում պատանդներին ազատելու համաձայնագիր կնքել: Իսրայելի մայրաքաղաքում հիմնական ճանապարհները փակ են, երկաթուղային երթևեկությունը խափանված է: Երուսաղեմում և Թել Ավիվում շատ արտադրամասեր չեն գործում: Ցուցարարները կանգնում են խաչմերուկներում և անցորդներին բաժանում պատանդներին խորհրդանշող դեղին ժապավեններ:

Գործադուլը կազմակերպել է, այսպես կոչված, «Հոկտեմբերյան խորհուրդը», որում ընդգրկված են պատանդների, ինչպես նաև  Իսրայելի հարավում ՀԱՄԱՍ–ի հարձակումից հետո 2023 թվականի հոկտեմբերի 7-ին սկսված մարտերում զոհվածների հարազատների ու անհետ կորածների ընտանիքների անդամները։ Երկրի տասնյակ խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների աշխատակիցներ դեռ  նախորդ շաբաթ էին հայտարարել, որ միանալու են գործադուլին։

«Ես այսօր այստեղ եմ, որովհետև սա մեր վերջին հնարավորությունն է՝ կանգնեցնելու խելահեղությունը, կանգնեցնելու պատերազմը, կանգնեցնելու կառավարությանը պատանդներին զոհաբերելուց, շատ ավելի շատ զինվորների զոհաբերելուց, մեզ և պաղեստինցի ժողովրդին զոհաբերելուց՝ իր սեփական քաղաքական շահի համար։ Ես այստեղ եմ, որովհետև պետք է կանգնել կյանքի համար և անել այն ամենը, ինչ կարող ես՝ դա կանգնեցնելու համար»։

Ցուցարարները հավաքվել են, այսպես կոչված, «Պատանդների հրապարակում» և բարձրացրել իսրայելական դրոշը՝ պատանդների լուսանկարներով։

Իսրայելի ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել երթևեկությունը փակող ցուցարարներին ցրելու համար։

Ցուցարարները նաև Թել Ավիվում են փակել ճանապարհներն ու մայրուղիները՝ պահանջելով պատերազմի ավարտ և պատանդների վերադարձ։

Փորձագետները կարծում են, որ Իսրայելում ներքաղաքական նոր ճգնաժամ է հասունանում, ինչը կարող է ստիպել Նեթանյահուին՝ կա՛մ նոր արյունալի գործողություններ սկսելու,  կա՛մ ընկրկելու։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կառավարության նիստի ելույթում նշել է․

«Մեր շարունակական վերահսկողությունը Գազայի նկատմամբ պատերազմը դադարեցնելու մեր պայմաններից միայն մեկն է, պայմաններ, որոնք ՀԱՄԱՍ–ը հրաժարվում է ընդունել: Մենք պնդում ենք, որ ՀԱՄԱՍ–ը ոչ միայն զինաթափվի, այլև, որ Իսրայելը ժամանակի ընթացքում ապառազմականացնի Գազան:

Իսրայելի ռազմական կաբինետը մեկ շաբաթ առաջ քվեարկել է Գազան՝ տարածքի ամենամեծ քաղաքը գրավելու և դրա բնակչությանը տեղահանելու օգտին՝ այդ հարցում ՄԱԿ անվտանգության խորհրդի բացասական արձագանքին հակառակ։

BBC-ի տեղեկություններով՝  Իսրայելի վարչապետը ցանկանում է, որ  իսրայելական ուժերը ողջ քաղաքը գրավեն մինչև հոկտեմբերի 7-ը Գազայի վրա լիակատար վերահսկողություն հաստատելու նպատակով։ Իսրայելի կաբինետը հաստատել է Գազա քաղաքը գրավելու ծրագիրը։

Գազայի քաղաքապետարանից  հայտնում են, որ Զեյթունում արդեն զանգվածային տեղահանություններ են մի քանի օր շարունակվող իսրայելական օդային հարվածներից, հրետակոծություններից և ավերածություններից հետո։

ՀԱՄԱՍ–ի հայտարարության մեջ ասվում է, որ իսրայելական ուժերը շարունակ հարձակումներ են գործում Գազայի տարբեր հատվածների ուղղությամբ։

Քաղաքացիական պաշտպանության գործակալության տվյալներով՝ քաղաքի ամենահին և խոշոր թաղամաս Զեյթունում բնակվում է մոտ 50․000 մարդ, որոնց մեծ մասը մնացել է առանց սննդի և ջրի։

ՄԱԿ-ի տվյալներով՝ մոտ 2 միլիոն մարդ  կամ Գազայի բնակչության մոտ 90%-ը ստիպված է եղել լքելու տները։ ՄԱԿ-ի փորձագետները հուլիսին հրապարակված զեկույցում զգուշացրել են, որ Գազայում սովի «վատագույն սցենարն» է տեղի ունենում։

Մի քանի օր առաջ Մեծ Բրիտանիան, ԵՄ-ն, Ավստրալիան, Կանադան և Ճապոնիան կոչ արեցին վճռական քայլեր ձեռնարկելու սովը կանխելու համար։

Նախորդ շաբաթ ավելի քան 100 կազմակերպություն նամակ ստորագրեց, որում ասվում էր, որ մարտի 2-ից ի վեր չեն կարողացել օգնություն հասցնել Գազա։

Իսրայելը կտրուկ կերպով կրճատել է Գազա մտնող թույլատրվող օգնության քանակը և շարունակում է պնդել, թե այնտեղ սով չկա, նաև մեղադրում է ՄԱԿ-ի գործակալություններին սահմանից օգնություն չվերցնելու և պաղեստինցիներին չհասցնելու համար։

BBC-ն էլ հաղորդում է, որ ԱՄԷ-ն և Հորդանանը սկսել են օդային սնունդ ուղարկել անկլավ։

Մայիսի վերջից ի վեր առնվազն 1․760 պաղեստինցի է սպանվել՝ մեծ մասամբ իսրայելական ուժերի կողմից, հենց սնունդ ստանալու փորձերի ժամանակ․ սա՝ ըստ ՄԱԿ-ի երեք օր առաջ հրապարակված վերջին տվյալների։

Իսրայելի բանակը հայտարարում է, որ Գազայի բնակիչները կապահովվեն վրաններով և ապաստանի համար անհրաժեշտ պարագաներով նախքան մարտական գործողությունների գոտիներից անկլավի հարավ տեղափոխվելը։

Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հայտարարել է, որ հարձակումը սկսելուց առաջ քաղաքացիական բնակչությունը Գազայից, որը նա անվանել է ՀԱՄԱՍ-ի վերջին հենակետը, կտարհանվի, այսպես կոչված, «անվտանգ գոտիներ»։

Մարդասիրական հարցերի համակարգման ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել մարդկանց Գազայի հարավային հատված տեղափոխելու Իսրայելի ծրագրերից՝ հայտարարելով, որ դա կխորացնի տառապանքները։

Մինչ Իսրայելի փողոցներում բողոքի ակցիաներ են՝ Գազայում պատերազմը դադարեցնելու և պատանդների վերադարձի պահանջով, AFP-ն, հղում անելով պաղեստինցի անանուն պաշտոնյայի, գրում է, որ ՀԱՄԱՍ-ի բանագնացները Գազայում հրադադար հաստատելու նոր առաջարկ են ստացել Եգիպտոսում, այն է՝ 60-օրյա հրադադար պատանդների ազատ արձակման դիմաց։ ՀԱՄԱՍ–ը դեռ պաշտոնապես չի հաստատել սա ու չի արձագանքել այս առաջարկին։

Leave a Comment