«Սանտոսի» ավագ Նեյմարը մեկնաբանել է իր ակումբի ջախջախիչ պարտությունը Բրազիլիայի Սերիա A-ի 20-րդ տուրի խաղում «Վասկո դա Գամայի» դեմ։ Սան Պաուլուի ակումբը սեփական հարկի տակ պարտվել է 0:6 հաշվով։
«Այսօր մենք ահավոր խաղ ցուցադրեցինք։ Դա խայտառակություն է։ Երկրպագուներն իրավունք ունեն մեզ քննադատելու և վիրավորելու։ Ես ամաչում եմ։ Կյանքումս երբեք նման բան չէի զգացել», – Նեյմարի խոսքերն է փոխանցում The Touchline-ը։
Նեյմարը խաղադաշտում անցկացրել է ամբողջ հանդիպումը։ Վերջնական սուլիչից հետո 33-ամյա բրազիլացին հենց խաղադաշտում արտասվել է։ 0:6 հաշվով պարտությունը դարձել է «Սանտոսի» ամենախոշոր պարտությունը տնային խաղերում ակումբի պատմության մեջ։ Հատկանշական է, որ Նեյմարն այսպիսի խոշոր հաշվով նախկինում երբեք չէր պարտվել պաշտոնական խաղերում։