Իրան–Հայաստան բարձրավոլտի կառուցումը շարունակվում է — Հայաստանի Հանրային Ռադիո

Իրան–Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի գործարկումից հետո Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները երեք անգամ կավելանան։ Հայաստանը՝ որպես էներգետիկ հզորություններով ավելցուկային պետություն, ստիպված չի լինի երբեմն անջատելու որոշ կայաններ։ Ընդհակառակը՝ կկարողանա ավելի շատ արտադրել ու արտահանել՝ կարծում են մասնագետները։ Կառավարությունը վերջին նիստին պետական բյուջեում վերաբաշխում է կատարել, որը հնարավորություն է տալու կարճ ժամկետում ի վերջո ավարտելու ծրագիրը։

Կառավարությունը վերջին նիստին մրցութային ընթացակարգերի երկարաձգման պայմաններում նախատեսվող միջոցների վերաբաշխում կատարեց։ Սա հնարավորություն է տալու սեղմ ժամկետներում ավարտին հասցնելու «Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և  համապատասխան ենթակայանի կառուցում» ծրագիրը և վերջնական սպառողի համար մեղմելու էլեկտրաէներգիայի սակագնի հետագա բարձրացումների ռիսկը:

Շինարարական աշխատանքներն ակտիվ փուլում են, բայց ծրագիրը ձգձգվում է արդեն տասը տարի։ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացնում է ծրագրի իրագործմանը խանգարող խնդիրները․

 «Իրան-Հայաստան 400 կՎ լարման հաղորդման օդային գծի և ենթակայարանի կառուցման աշխատանքները շատ ավելի վաղ են մեկնարկել։ Աշխատանքների ուշացման պատճառը միայն կառավարման հետ կապված չէ։ Առաջին հերթին խնդիրները կապված են շինարարական ընկերության հետ։ Շինարարական ընկերության ֆինանսական մասի հետ կապված խնդիրներ նույնպես կան»։

Իրան-Հայաստան բարձրավոլտը պետք է շահագործվեր դեռ 2019-ի վերջին, սակայն 2017-ի փետրվարին շինարարությունը կասեցվել էր՝ նոր, ավելի մատչելի տարբերակով շարունակելու հիմնավորմամբ։ Ծրագիրը ձգձգվեց նաև կորոնավիրուսի համավարակի ու Արցախյան պատերազմի պատճառով։ Այժմ, ըստ պատասխանատուների, աշխատանքների մեծ մասն արված է։ Խոսելով ծրագրի կարևորության մասին, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Ավետիսյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցի ժամանակ ընդգծում է՝ ծրագրի կարևորությունը մի քանի բաղադրիչ ունի՝ էներգետիկ անվտանգություն, անկախություն ու տնտեսական անվտանգություն։ Մասնագետն իր ասածը թվերով է հիմնավորում․

«Էլեկտրահաղորդման գծի՝ շահագործման մեջ մտնելուն պես հնարավորություն կընձեռվի Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները ավելացնելու երեք անգամ։ Հաշվի առնելով տեխնիկական հնարավորությունները, սա կարվի աստիճանաբար»։

Իրան-Հայաստան բարձրավոլտի կառուցումը նաև անվտանգային բաղադրիչ ունի։ Կարևոր է, որ այս հարցում Իրանն առաջնահերթությունը տալիս է Հայաստանին։ Բացի այդ՝ Իրանի հյուսիսային մարզերը հեռու են հիմնական ենթակառուցվածքներից, ուստի նպատակահարմար է էլեկտրաէներգիա ներկրել Հայաստանից՝ ասում է Արթուր Ավետիսյանը․

 «Իրան-Հայաստան բարձրավոլտը Հյուսիս-հարավ էներգետիկ միջանցքի կարևոր կամ գլխավոր բաղադրիչներից է։ Մյուս կարևոր բաղադրիչը Հայաստան-Վրաստան նոր էլեկտրահաղորդման գիծն է, որը անգամ նախագծված չէ։ Բայց որպեսզի Հոյւսիս-հարավ ծրագիրը իրականություն դառնա, պետք է կառուցվի այս էլեկտրահաղորդման գիծը»։

Ըստ վերջին գնահատումների՝ ամբողջական համակարգը՝ էլեկտրահաղորդման գծերի լարերի մոնտաժումից մինչև ենթակայանի կառուցում, նախատեսվում է ավարտել 2028-ին։

Կառավարությունը վստահ է, որ նոր որոշումով՝ հնարավոր սեղմ ժամկետներում ավարտին կհասցվի ծրագիրը։ Հայաստանի և Իրանի միջև էլեկտրաէներգիայի փոխհոսքերը 350 ՄՎտ-ից կհասնեն մինչև 1․200 ՄՎտ-ի, կբարձրանան Հայաստանի էներգետիկ համակարգի անվտանգության մակարդակը, հուսալիությունն ու կայունությունը, հնարավորություն կստեղծվի ամբողջ ծավալով օգտագործելու Իրան-Հայաստան գազատարի թողունակությունը «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում: Պայմանագիրը, ի դեպ, ևս տասը տարով երկարաձգվել է։ Բայց Հայաստանի էներգետիկ համակարգում կարևոր է նաև հասկանալը, թե ինչ ատոմակայան է կառուցվելու Հայաստանում։ Փորձագիտական ու մասնագիտական դաշտում այս պահին կարծիքները տարբեր են․ օրակարգում ակտիվանում են մոդուլային ատոմակայաններ կառուցելու շուրջ խոսակցությունները։ Բայց որևէ վերջնական հայտարարություն դեռ չի հնչել։

Leave a Comment