Երեք նկատառում ընդդիմության համար

Հայաստանի քաղաքական վերնախավի՝ իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչները, անկախ նրանից, թե ինչ են հայտարարում, իրականում չգիտեն, թե ինչ քայլեր է պետք է ձեռնարկել՝ այսօրվա խորը փոսից մեր պետությունը դուրս բերելու համար: (Որ մենք այդ փոսի մեջ ենք՝ բոլորը գիտեն): Ես էլ, ճիշտն ասած, լավ տարբերակ չեմ տեսնում, թե չէ կհուշեի մեր գործիչներին: Պարզ է միայն, որ վաշինգտոնյան թղթերով Փաշինյանը զուտ ժամանակ է շահում, որը նրան վերարտադրվելու հնարավորություն է տալիս: Բայց նրա վերընտրվելը մեր պետության շահերի հետ կապ չունի: Ավելին՝ հակասում է այդ շահերին:

Այնուամենայնիվ, մի քանի նկատառում ընդդիմության համար:

1/ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը վատն են՝ դրանք Հայաստանի առջեւ ոչ մի դրական հեռանկար չեն բացում, եւ փաշինյանական պրոպագանդիստների արհեստական հրճվանքը պարզապես ծիծաղելի է: Բայց դա չի նշանակում, որ որեւէ քաղաքական ուժ պետք է իր քարոզչության մեջ թեկուզ հեռավոր ակնարկ անի, թե պատրաստվում է վերանայել կամ չկատարել այդ փաստաթղթերում տեղ գտած կետերը: Սոլիդությունը պահանջում է հակառակը՝ հայտարարել, որ տվյալ քաղաքական ուժը, եթե գա իշխանության, հավատարիմ է մնալու պետության ստանձնած բոլոր պարտավորություններին: Դա չի բացառում, իհարկե, այն պնդումը, որ այդ պարտավորությունները ներկայիս իշխանության աղետալի սխալների հետեւանքն են:

2/ Ես ընդդիմության տեղը լինեի՝ մինչեւ ընտրարշավը ռեսուրսներ չէի ծախսի փողոցային պայքարի վրա: Խոսքն, իհարկե, ոչ թե մասնավոր խնդիրներին նվիրված հանրահավաքների ու ցույցերի մասին է, այլ իշխանափոխության պահանջով փողոց դուրս գալու մասին: Թեեւ Հայաստանում, ըստ ամենայնի, հարյուր հազարավոր մարդիկ կան, որոնք այս կամ այն պատճառով դժգոհ են ներկայիս իշխանությունից, նրանցից քչերը դուրս կգան փողոց: Հավանաբար, ոչ վերջին դերն է խաղում այն հանգամանքը, որ նախորդ անգամ՝ 2018 թվականին, փողոց դուրս գալը բերեց սարսափելի հետեւանքների:

3/ Ընդդիմադիրները, այդ թվում՝ խորհրդարանի այս գումարման «Հայաստան» դաշինքի պատգամավորները, պետք է ամենայն հարգանքով, բարեկամաբար համոզեն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ չմասնակցել առաջիկա ընտրություններին՝ քաղաքական ուժի առաջնորդի կարգավիճակով: Դա էապես կնվազեցնի ՔՊ-ական քարոզչության արդյունավետությունը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment