Նելսոն Ստեփանյանի մասին հայկական ֆիլմով կբացվի «Մոսֆիլմի» համաժողովը

5-րդ ալիքի «Ընկնելով երկինք» անիմացիոն ֆիլմով կբացվի «Մոսֆիլմ» կինոմիավորման համաժողովը։ Ֆիլմի ռեժիսորը Մարիամ Եգորյանն է, սցենարի հեղինակը՝ Լեւոն Գալստյանը:

Aravot.am-ի հետ զրույցում ֆիլմի պրոդյուսեր եւ 5-րդ ալիքի գործադիր տնօրեն  Հարություն Հարությունյանը տեղեկացրեց, որ «Ընկնելով երկինք» ֆիլմը, որը ներկայացնում է ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի կյանքի ամենավառ դրվագները, ճանաչվել է լավագույն անիմացիոն ֆիլմ՝ Մոսկվայում անցկացված «Մշակութային երկխոսություն» մրցույթում, որին մասնակցել են 27 երկրների ներկայացուցիչներ:

Հարություն Հարությունյանի խոսքով՝ «Ընկնելով երկինքը» ստացված ֆիլմ է. «Ֆիլմը գնահատվել է  կատարված աշխատանքի, որակի համար, այն ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունում է բարձր գնահատականի արժանացել, այլեւ Լոս Անջելեսի, Սան Պաուլոյի կինոփառատոններում է ընտրվել որպես լավագույն ֆիլմ: Լուրի ենք սպասում նաեւ Լոնդոնի կինոփառատոնից:  Այն, որ ֆիլմը գնահատվում է տարբեր կինոփառատոներում եւ նման պատվի է արժանացել Մոսկվայում, խոսում է այն մասին, որ համամարդկային  արժեքները չեն անտեսվում, իսկ Նելսոն Ստեփանյանի կատարած հերոսությունը համամարդկային արժեքների մեջ է մտնում եւ ցույց է տալիս մեր ազգի կարողությունները, հնարավարությունները, մարտունակությունը …»:

Մեր զրուցակիցն ընդգծում է. «Մենք սահմանափակվում ենք միայն մեր հեռուստատեսությամբ  ֆիլմը ցույց տալով, հակառակ նրան, որ մեր ստեղծած ֆիլմերը, մասնավորապես «Կեղծ խաղաղության գինը» տարբեր կինոթատրոններում ստանում է «Լավագույն կրթական ֆիլմ» մրցանակ, սակայն Հայաստանի կիոնփառատոներում ցանկություն չկա դրանք ցուցադրելու, չկա որեւէ արձագանք այդ ոլորտի ներկայացուցիչներից՝ ԿԳՄՍ նախարարություն, Կինոյի հիմնադրամ եւ այլն»:

Հարություն Հարությունյանը  տեղեկացրեց, որ «Русский мир» հիմնադրամի հրավերով հոկտեմբերին ֆիլմի գլխավոր ռեժիսոր Մարիամ Եգորյանը Մոսկվայում կմասնակցի  պարգեւատրման հանդիսավոր արարողությանը։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment