ԵԽ նախագահի հետ հեռախոսազրույցում Փաշինյանն ընդգծել է՝ հաստատված խաղաղությունը ներդրումային նոր հնարավորություններ է բացում ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնման համար

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ։

Վարչապետը Եվրոպական խորհրդի նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանզիմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը։

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հաստատված խաղաղությունը ներդրումային նոր հնարավորություններ է բացում Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնման համար։

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԵՄ օրակարգին վերաբերող, ինչպես նաև 2026 թվականի գարնանը Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպչական հարցեր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment