Այսօր մենք վերջ դրեցինք Մինսկի գործընթացին․ Սպիտակ տանը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարեց Իլհամ Ալիեւը։
«Այն սկիզբ էր առել 1992 թվականին։ ԵԱՀԿ շրջանակում բանակցությունը շարունակվում էր երեք տասնամյակ առանց որեւէ արդյունքի։ Ուրիշ էլ ո՞վ է արժանի խաղաղության Նոբելյան մրցանակի, եթե ոչ նախագահ Թրամփը։ Նա վեց ամսում հրաշք է գործել»,– ասաց Ալիեւը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես համաձայնեց․ «Մենք կողմ ենք։ Կարծում եմ, նախագահ Թրամփն արժանի է խաղաղության Նոբելյան մրցանակի։ մենք պաշտպանելու ենք, այդ ուղղությամբ ջանք ենք գործադրելու»։
Մանրամասները՝ տեսանյութում
Իլհամ Ալիեւն առաջարկեց՝ վարչապետ Փաշինյանի հետ համատեղ դիմում ուղարկել հանձնաժողովին՝ երեք տասնամյակ հակամարտող երկրների առաջնորդների կողմից։ Նա հայտարարեց, որ բազմաթիվ նախագահներ են ջանքեր ներդրել, բայց չեն հաջողել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հասնել, բայց նախագահ Թրամփը 6 ամսում հրաշք է գործել։
Նիկոլ Փաշինյանը հումոր արեց՝ «նախագիծը կա՞, հիմա ստորագրենք»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: