«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը, պատասխանելով «Առավոտի» հարցին՝ Վաշինգտոնում այսօր Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ միջեւ ստորագրվելիք երեք փաստաթղթերի վերաբերյալ՝ Մինսկի խմբից դուրս գալու, շրջանակային համաձայնագրի եւ TRIPP-ի մասին (փաստաթղթերը հրապարակել էր Factor.tv-ն՝ հղում անելով իր աղբյուրներին), ասաց.
«Ես ուշի ուշով հետեւում եմ Հայաստան-Ադրբեջան-ԱՄՆ բանակցությունների ընթացքին, նաեւ տեղյակ եմ այդ հրապարակումից: Եթե իսկապես այդ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, դա նշանակում է, որ իրականում ՀՀ քաղաքացիները չեն կարողանալու օգտվել այդ ճանապարհից, որովհետեւ, ըստ այդ տեղեկությունների, այդ ճանապարհը ենթադրում է հաղորդակցություն Ադրբեջանի Հանրապետության, Նախիջեւանի եւ Թուրքիայի միջեւ: Ստացվում է, որ այդ ճանապարհից օգտվելու են բոլորը, բացի՝ ՀՀ քաղաքացիներից, որովհետեւ եթե այդ ճանապարհով մենք չենք կարողանալու տեղաշարժվել Ադրբեջանի տարածքով դեպի Կենտրոնական Ասիայի երկրներ, չենք կարողանալու Նախիջեւանի տարածքով օգտվել երկաթուղու հնարավորություններից, օրինակ՝ Մեղրի գնալու համար, ապա հարց է առաջանում՝ մենք այս իրավիճակում ինչո՞ւ ենք ճանապարհ տալիս Ադրբեջանին Նախիջեւանի եւ Թուրքիայի միջեւ կապ հաստատելու համար, եթե Հայաստանը մնում է շրջափակված, եթե խաղաղության համաձայնագիր չի կնքվում, եթե Ադրբեջանը իր զորքերը չի հանում Հայաստանից, եթե մեկուկես տարի է՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հարցը դոփում է տեղում…
Իհարկե, էս գործընթացը՝ Ամերիկայի առաջնորդությամբ, տարածաշրջանում ստեղծում է նոր անվտանգային ճարտարապետություն: Ըստ էության՝ ռեգիոնում ԱՄՆ առաջնորդության նախաձեռնություն է դրսեւորվել, սա Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է: Միայն այն, որ Հայաստանի եւ Իրանի արանքում հայտնվում է ամերիկյան ներկայությունը, թեկուզ եւ համատեղ կոնսորցիումի մակարդակով ձեւավորվելիք ինչ-որ կազմակերպությամբ, տարածաշրջանում նոր ստատուս-քվո է ձեւավորվում»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: