Հիասթափված եմ, քանի որ հաղթանակը շատ կարևոր էր․ Լինքոլն Ռեդ Իմփսի հարձակվող

ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի 2025/2026թթ․ խաղարկության որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Նոան» Ջիբրալթարում չկարողացավ հաղթեց «Լինքոլն Ռեդ Իմփսին»։

Հանդիպման հաշիվը բացեց Յան Էտեկին՝ գեղեցիկ հեռահար հարվածով։ Սակայն առաջին խաղակեսում մրցակցի հարձակվող ԹիՋեյ Դե Բարը հավասարեցրեց հաշիվը. նա չիրացրեց 11-մետրանոց հարվածը, բայց անդրադարձից հետո կարողացավ գնդակն ուղարկել Օգնյեն Չանչարևիչի դարպասը։

Խաղից հետո ջիբրալթարյան թիմի հերոսը պատասխանել է GBC-ի լրագրողի հարցերին։

«Իհարկե, հիասթափված եմ, քանի որ հաղթանակը շատ կարևոր էր։ Բայց հիմա պետք է կենտրոնանանք պատասխան խաղի վրա, որը կկայանա հաջորդ շաբաթ։ Պետք է լավ պատրաստվենք։ Նրանք խաղը ուժեղ սկսեցին, առաջին 12 րոպեներին գերակշռում էին և կարողացան գոլ խփել։ Սակայն հետո մենք հարմարվեցինք, սկսեցինք խաղալ մեր խաղը և պահեր ստեղծել։ Այս խաղը մանրամասների մասին էր։ Պետք է ուղղենք այդ մանրուքները և հաջորդ խաղում ավելի լավ հանդես գանք։

Երբեմն մենք չափից լայն էինք խաղում։ Երբ գնդակը մի թևում էր, թիմը պետք է ավելի կոմպակտ լիներ։ Չափից ձգված խաղի պատճառով նրանք հեշտությամբ անցնում էին մեր պաշտպանություն, ինչը հանգեցնում էր վտանգավոր պահերի։ Այդուհանդերձ, ոչ ոքի արդյունքը վատ չէ։ Կարծում եմ՝ մենք ավելի լավն էինք և կարող էինք հաղթել։ Հիմա պետք է կենտրոնանանք հաջորդ խաղի վրա։

Ունեմ մի քանի մանր վնասվածքներ, որոնց հետ արդեն որոշ ժամանակ խաղում եմ։ Այսօր դրանցից մեկը նորից զգացի։ Բայց դա նորմալ է։ Երբեմն ստիպված ես խաղալ ցավով։ Բարեբախտաբար, կարողացա ավարտել խաղը, և հիմա ամեն ինչ կարգին է։

Երբ առաջին անգամ ես խաղում որևէ թիմի դեմ, առաջին 12–15 րոպեները ճանաչման փուլ են։ Հիմա մենք գիտենք, թե ինչի են ընդունակ, և հասկանում ենք, թե ինչպես խաղալ նրանց դեմ։ Կարծում եմ՝ այսօր արդեն ցույց տվեցինք, որ մի քանի մանրուք բարելավելու դեպքում կարող ենք հաղթել։ Դա լավ նշան է։ Հույս կա։ Մենք հավատում ենք, որ կարող ենք հաղթել։ Հիմա մնում է լավ պատրաստվել»,- ասել է հարձակվողը։

Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումն օգոստոսի 14-ին է։

Leave a Comment