Aravot.am-ի տեղեկություններով «Արմատ» պարային համույթի ղեկավար Օֆելյա Թադեւոսյանը հաղորդում է տվել այն մասին, որ այս տարվա ապրիլ ամսին Արման Ղուկասյանը եւ Դավիթ Բաբայանը, ներկայանալով որպես «ՅՈՒՆԵՍԿՕ» հիմնադրամի անդամ եւ միջոցառումների կազմակերպիչ, պրոդյուսերներ, առաջարկել են կազմակերպել համույթի մասնակցությունը հուլիսին Իտալիայում կայանալիք փառատոնին ու դրա համար «Արմատ» պարային համույթի սաներից եւ ծնողներից պահանջել են 600-ական եվրո:
Ըստ մեր տեղեկությունների` 12․000 եվրո գումար է առձեռն փոխանցել վերջիններիս, սակայն այդպես էլ խմբի անդամներն ու նրանց ծնողները Իտալիա չեն մեկնել, իսկ նշյալ անձինք հրաժարվել են վերադարձնել գումարը։ Ըստ Aravot.am-ի աղբյուրի` այժմ կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։
Aravot.am-ը մեկնաբանության համար կապվեց «Արմատ» պարային համույթի ղեկավար Օֆելյա Թադեւոսյանի հետ: Նա հաստատեց, որ իսկապես կա նման գործ, սակայն այս պահին նպատակահարմար չի գտնում մեկնաբանություններ անել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: