Արարատ-Արմենիայի մարզչի անսպասելի խոստովանությունները Պրահայում. դուստրը սիրում է Լետնայի սնունդը

«Արարատ-Արմենիայի» ներկայացուցիչները Պրագայում անցկացրին անսովոր մամուլի ասուլիս՝ Կոնֆերենցիաների լիգայի երրորդ որակավորման փուլի «Սպարտայի» դեմ առաջին խաղից առաջ, գրում է Sport.cz-ն։ 

Պորտուգալացի գլխավոր մարզիչ Տուլիպան զարմացրեց լրագրողներին՝ պատմելով, որ իր դուստրը բնակվում է Պրագայում՝ «Սլավիայի» մարզադաշտի մոտ, բայց սիրել է «Լետնայի» սնունդը: Ասուլիսի վերջում նա հուզիչ խոսքերով հիշեց իր վերջերս մահացած ընկերոջը՝ «Պորտուի» լեգենդար ավագ Ժորժե Կոշտային:

Ասուլիսը առանձնացավ իր բազմալեզու բնույթով: Թիմի պաշտպան Էդգար Գրիգորյանը խոսեց հայերեն, նրա խոսքը թարգմանվեց չեխերեն: Տուլիպան խոսեց պորտուգալերեն, իսկ նրա օգնական Միգել Սոարեշը թարգմանեց անգլերեն: Այնուհետև ակումբի մամուլի խոսնակ Գևորգ Ղազարյանը մարզչի խոսքը հայերեն փոխանցեց Պրահա ժամանած հայ լրագրողներին:

Խաղի մասին խոսակցությունները զիջեցին Տուլիպայի անձնական պատմություններին: 52-ամյա մարզիչը, ով նախկինում աշխատել է «Պորտուի» երիտասարդական թիմում, ինչպես նաև «Վիզելա», «Մարիտիմու» և «Տորենսե» ակումբներում, պատմեց, որ իր դուստրը երկու տարի է՝ բնակվում է Պրահայում: Նա նախկինում երեք տարի աշխատել է Լեհաստանի Գդանսկ քաղաքում, իսկ այժմ ապրում է «Սլավիայի» «Էդեն» մարզադաշտի մոտ և աշխատում է Պրահայի կենտրոնում:

«Իմ դուստրը սկզբում ֆուտբոլով չէր հետաքրքրվում: Բայց մի անգամ նա ներկա է եղել «Սպարտայի»՝ «Ինտերի» դեմ խաղին և սիրահարվել է «Լետնայի» սննդին», — ժպիտով պատմեց Տուլիպան: Նա ավելացրեց, որ դուստրը մեծ ազդեցություն է ունեցել իր վրա: «Նա աշխատում է մարդկանց հետ, և ֆուտբոլը նույնպես մարդկանց մասին է: Ես նրանից շատ բան եմ սովորել, իսկ հիմա ես եմ փորձում նրան ֆուտբոլ սովորեցնել»:

Տուլիպան ընդգծեց, որ լավ ծանոթ է չեխական ֆուտբոլին: «Ես հետևում եմ տեղի առաջնությանը: Այն ինտենսիվ է, հավասարակշռված և դիտարժան: «Սպարտան» ֆավորիտ է, բայց ֆուտբոլում հրաշքներ լինում են», — նշեց նա: Նա գովեց «Սպարտայի» խաղաոճը՝ ընդգծելով նրանց կազմակերպվածությունը, արագ անցումները հարձակման և խելացի շարժումները:

Էդգար Գրիգորյանն էլ հավելեց. «Մենք ուսումնասիրել ենք «Սպարտայի» խաղը: Նրանք ուժեղ են և ունեն որակյալ խաղացողներ, բայց մենք պատրաստ ենք մրցակցել»:

Ասուլիսի վերջում Տուլիպան հիշեց իր մտերիմ ընկերոջ՝ «Պորտուի» լեգենդար ավագ Ժորժե Կոշտայի մասին, ով երեքշաբթի օրը 53 տարեկանում հանկարծամահ է եղել: Կոշտան 2004 թվականին «Պորտուին» հասցրել էր Չեմպիոնների լիգայի սենսացիոն հաղթանակի: «Մենք կորցրինք մեծ մարդու և ընկերոջ: Իմ խորին ցավակցությունները նրա ընտանիքին», — ասաց Տուլիպան՝ հազիվ զսպելով արցունքները:

Leave a Comment