
«Դատելով արտահոսքերից՝ այն, ինչ ստորագրվելու է կամ հռչակվելու է Վաշինգթոնում, իմպերատիվ ուժ չունեցող փաստաթուղթ է լինելու, դա լինելու է կա՛մ մտադրությունների մասին հուշագիր, կա՛մ պայմանագրի նախաստորագրում, այսինքն՝ դա կողմերից յուրաքանչյուրին ինչ-որ բան կտա, բացի Հայաստանից, Հայաստանից կտա միայն մի քաղաքական խմբի՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»,- այս մասին Yerevan Tribune-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Նրա դիտարկմամբ՝ Թրամփը այդ փաստաթղթի ստորագրման արդյունքում կարող է շահել քարոզչական հարթակում․ «Նա արտաքին քաղաքական բոլոր նախաձեռնությունները ձախողել է․․․ Այդ ֆոնին կարող է հաջողության պատմություն ներկայացնել․․․ Ապրում է Նոբելյան մրցանակ ստանալու տեսլականով, բացի դրանից՝ պրակտիկ խնդիրներ ունի լուծելու, 1 տարի հետո ընտրություններ են ԱՄՆ-ում․․․»։
«Ադրբեջանը չի շտապում և չի էլ ստորագրելու «Խաղաղության պայմանագիր»։ Ադրբեջանը շահում է շատ կարևոր բան․ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթն էր հաստատել զինադադար, որը ԼՂ-ի մասին հիշատակում ուներ։ Նոր փաստաթուղթ ստորագրելու պարագայում Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը նաև դե յուրե կարող է շրջանառությունից դուրս գալ, բայց Ադրբեջանին թույլ կտա «թաղել» ԼՂ խնդիրը՝ արդեն միջազգային լեգիտիմության հիմքով։ Բացի դրանից՝ Ադրբեջանը Նախիջևանի հետ կապ է ստանալու․․․, և հնարավորություն է ստանալու հակազդելու Իրանի և ՌԴ-ի ազդեցությանը։
Իսկ Հայաստանը ոչինչ չի ստանում։ Բացահայտվում է Նիկոլ Փաշինյանի «իրական Հայաստանի» բանաձևը․ դա, ըստ էության, ՀՀ-ն է՝ հանած «Զանգեզուրի միջանցքը»․․․»,- նշեց Սուրենյանը՝ ընդգծելով, որ Վաշինգթոնից բերած բարաթը Փաշինյանի վերարտադրության կոդն է, ինչ էլ որ այնտեղ գրված լինի։