Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենին և հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր հյուրընկալել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաբրիցիո Զարկոնեին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ռոլանդ Փրայսը փոխվարչապետին է ներկայացրել ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին և վստահեցրել, որ վերջինս տարբեր տարածաշրջաններ և համագործակցության առանցքային ուղղություններ ընդգրկող իր փորձառությունը կծառայեցնի ՀՀ զարգացման օրակարգի նպատակների առաջմղմանը։

Փոխվարչապետը շնորհավորել է Ֆաբրիցիո Զարկոնեին այս պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել վերջինիս՝ ի նպաստ Համաշխարհային բանկի հետ ձևավորված արդյունավետ համագործակցության շարունակական ընդլայնման և զարգացման։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության լայն շրջանակի, այդ թվում՝ ջրային ոլորտի կառավարման, առողջապահության, զբոսաշրջության, ինչպես նաև հանրային կառավարման բարեփոխումների ուղղությամբ ընթացիկ նախաձեռնությունների և փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ։

Զրուցակիցները հատուկ անդրադարձ են կատարել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովության ծրագրի ընթացքին և այս ուղղությամբ Համաշխարհային բանկի հետ նախատեսվող համագործակցության շրջանակին։

Leave a Comment