Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոայի» բոսնիացի նորեկ Նարդին Մուլահուսեյնովիչը մեկնաբանել է իր նորամուտի խաղում խփած գոլը։
«Սա իմ առաջին գոլն էր, և ես հույս ունեմ, որ ապագայում կանեմ ավելին այս ակումբի համար։ Ես հավատում եմ այս թիմին։ «Նոան» միշտ խաղում է հաղթանակի համար, և ես վստահ եմ, որ մենք նաև ապագայում լավ կաշխատենք»,- Նարդին Մուլահուսեյնովիչի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը։
27-ամյա ֆուտբոլիստը իր առաջին գոլը երևանյան ակումբի կազմում խփեց երեկ՝ օգոստոսի 3-ին, ՀՊԼ-ի առաջին տուրի՝ «Շիրակի» դեմ խաղում (4:0)։
Նշենք, որ Transfermarkt-ի տվյալներով՝ հայկական ակումբը բոսնիացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Զրինսկիին» վճարել է 350 հազար եվրո։