Ռոբերտ Քոչարյան. «Ղարաբաղի կորստից հետո գործընթացը հասցնել այն վիճակին, որ «Զանգեզուրի միջանցքը» առանձին թեմա լինի, դա դիվանագիտական ձախողման գլուխգործոց է»

Իր վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը խորհուրդ էր տվել չվախենալ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունից, թեեւ ի սկզբանե ինքն էր խորշում դրանից: Նաեւ հայտարարել էր, թե ըստ էության, քննարկվում է այդ միջանցքը միջազգային, այդ թվում՝ ամերիկյան, որեւէ ընկերության  արտապատվիրակելու հնարավորությունը: Ալիեւի կոշտ պատասխանից հետո Փաշինյանի թիմակիցները, կարծես, սկսեցին հող նախապատրաստել, որպեսզի հայկական կողմն էլ դեմ դուրս գա ամերիկյան այդ առաջարկին, իբրեւ թե «դրանում նկատելով ինքնիշխանության զիջման վտանգ»:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը  «Հայլուր» հարցազրույցի շրջանակներում անդրադառնալով Մեղրիի շուրջ առկա խնդրին՝ ասաց. «Պետք է հիշել, որ դրան նախորդել է Կարնեգիի հիմնադրամի հայտնի հրապարակումը, հետո՝ ԱՄՆ դեսպանից արտահոսքը կամ նրա բերանբացությունը: Դրանց հետեւեց սկզբում հերքումը, հետո ԱԳՆ-ը ասաց, որ այո նման բան չենք բացառում: Մի քանի օր հետո հարցազրույցում խոստովանեց նաեւ Նիկոլ Փաշինյանը, որ շատ կոնկրետ թեմա է եւ արդեն ինչ-որ ժամանակ քննարկման սեղանին է դրված: Այստեղ ակնհայտ աբսուրդայնություն կա՝ կապված նրա հետ, թե «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը կամ ճանապարհը ինչո՞ւ է այսօր բանակցային սեղանի վրա դեռ մնում քննարկման թեմա:

Պիտի վերադառնամ 2020 թվականի պատերազմից հետո նոյեմբերի 9-ի հայտարարությանը: Ես ուղղակի տիրապետում եմ այդ ինֆորմացիային: Այդ ճանապարհի թեման Ադրբեջանի պահանջով է դարձել 9-րդ կետ՝ Լաչինի միջանցքին սիմետրիա ստեղծելու համար: Լաչինը 5 կիլոմետրանոց միջանցք էր, որի վրա Ադրբեջանը որեւէ վերահսկողություն չուներ: Եվ դրա ասիմետրիկ տարբերակը եղավ Ադրբեջանը եւ Նախիջեւանը կապող ճանապարհը:

Հիմա Ղարաբաղը չկա, Լաչինի միջանցքը չկա: Ու այդ թեման ինքն իր կյանքով շարունակում է ապրել: Դա խաղաղության խաչմերուկի, առեւտրաշրջանառության առանցքի հետ կապ չունի: Թեման սկսել է ապրել իր կյանքով, թեկուզ այդ թեման կապ ուներ հենց Ղարաբաղի հետ:

Ես ուղղակի հիշեցնեմ. Ղարաբաղի կորուստը հիմնականում կապված է հենց այն հանգամանքի հետ, որ Հայաստանը մերժեց 9-րդ կետի կատարումը: Մենք մերժել ենք այդ ճանապարհը, Ադրբեջանն էլ ասում էր. «Պատերազմը դուք եք պարտվել, ամբողջ այդ հայտարարության մեջ կա մեկ կետ, որը Ադրբեջանի շահերից է բխում, եւ այդ կետը դուք մերժում եք»:

Եվ դրան հետեւեց Լաչինի միջանցքի փակումը, Ղարաբաղի կորուստը: Այս ամենը մի կողմ դնել եւ գործընթացը հասցնել այն վիճակին, որ «Զանգեզուրի միջանցքը» ինքն իրենով առանձին թեմա լինի, դա դիվանագիտական ձախողման գլուխգործոց է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment