Քաղաքապետարանը «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի տնօրենի գործողություններում խախտումներ չի նկատել

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ Երեւանի «Հակոբ Կոջոյան» պետական կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանի առերեւույթ հակամանկավարժական վարքի եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի խախտման մասին պաշտոնական գրություն է ուղարկել ՀՀ կառավարություն՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել տնօրենին։ Նրան պատասխանել էր ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը, եւ փոխնախարարի պաշտոնական պատասխանում նշված էր, որ նախարարությունը բողոքի վերաբերյալ գրությունն ուղարկել է Երեւանի քաղաքապետարան;

Aravot.am-ը Երեւանի քաղաքապետարանից փորձեց պարզել, թե ինչ որոշում է կայացվել Ռուզաննա Երեմյանի վերաբերյալ, որն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե «պատրաստ է» մասնակցել վարչապետի հակաեկեղեցական գործողություններին եւ վեհարանի վրա հարձակմանը:

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն: Կրոնական գործունեությունը եւ քարոզչությունը ուսումնական հաստատություններում արգելվում են՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023թ փետրվարի 24-ի N10- Ն հրամանով հաստատված՝ Հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամների եւ մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնների 3-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն՝ մանկավարժական աշխատողը պարտավոր է հաստատությունում դրսեւորել քաղաքական չեզոքություն, հաստատությունից դուրս իր գործունեության ոլորտի շահառուների (սովորող, ծնող) նկատմամբ դրսեւորել զսպվածություն:

Հարկ է նշել, որ ուսումնասիրության շրջանակում դպրոցում Ռուզան Երեմյանի կողմից նշյալ իրավակարգավորումների խախտումներ չեն արձանագրվել:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նկատի ունենալով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 26-րդ մասով սահմանված՝ ուսումնական հաստատության գործադիր մարմնի քաղաքական զսպվածության դրսեւորման պարտավորվածությանը վերաբերվող դրույթը՝ Ռուզաննա Երեմյանին հորդորվել է զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են նշյալ պարտավորությունը չկատարելու մտայնության առիթ ընձեռել»,- Aravot.am-ին գրավոր փոխանցեցին Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունից:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment