
Մեր ժամանակների ամենամեծ պարադոքսներից մեկն այն է, որ մենք բոլորս, ապրելով աննախադեպ մեծ աշխարհաքաղաքական փոփոխության պայմաններում, որի բացահայտ սկիզբը պայմանականորեն կարելի է համարել Գորբաչովի իշխանության գալը, մեր մտքերի ու զգացողությունների զգալի մասով դեռևս գտնվում ենք հին պարադիգմի իշխանության ներքո։
Դա աշխարհաքաղաքական իներցիայի երևույթն է, երբ մարդ արարածը, ապրելով նոր պայմաններում, իր վարքի ու գործողությունների մի մասով, իրենից անկախ, դեռևս գտնվում է անցյալում և իրեն պահում է այն մենթալիտետի կանոններով, որը ճիշտ կլիներ անցյալում ու որը լիովին կարող է հակասության մեջ լինել այն պարադիգմի հետ, որի պայմաններում նա արդեն ապրում է։
Այս ոլորտում հիմնական օրինաչափությունն ասում է, որ ինչքան մեծ է աշխարհքաղաքական փոփոխությունը, այնքան մեծ կլինի նաև նրա հետ կապված իներցիան։
Մյուս կողմից էլ, ԽՍՀՄ-ի նման կարծր հզորության տապալումը այդքան հեշտ բան չէր և անբացահայտ ձևով շատ ավելի վաղուց պետք է սկսված լիներ, առնվազն՝ Անդրոպովի ժամանակներից։
Բայց միայն մենք չենք գտնվում հզոր աշխարհաքաղաքական իներցիայի ազդեցության տակ, ամբողջ աշխարհն է նույն վիճակում և, հատկապես Եվրոպան, որի, աշխարհում ունեցած դոմինանտ 400-500 ամյա դիրքից համարյա բան չի մնացել, կարելի է ասել, որ մնացել են միայն փառավոր անցյալի ստվերները՝ հիշողությունների տեսքով և ներկա պրոբլեմների հետ կապված ոչ ադեկվատ որոշումներով ու կիսատ պռատ գործողություններով։
Բայց դա չի խանգարում, որ Մակրոնը կամ Ստարմերը իրենց այնպես պահեն, կարծես Կլեմանսոյի ու Լլոյդ Ջորջի նման իրենք շարունակում են աշխարհի բախտը որոշել։
Եվրոպան, հիմնականում երկրորդ աշխարհամարտից հետո, գտնվելով ԱՄՆ-ի գերիշխանության ներքո, խախտեց աշխարհաքաղաքականության հիմնական կանոնը, այն, որ ցանկացած քաղաքակրթական հզորություն, ինչպիսին ԵՄ-ն է, առանց իր անվտանգությունն ապահովող ուժային սեփական համակարգի վաղ թե ուշ կկանգնի լուծում չունեցող մարտահրավերների առաջ։
Հենց անվտանգության հետ կապված այդ լուծում չունենալն էր, որ թույլ տվեց Թրամփին ԵՄ-ի հետ, կոնկրետ, Ուրսուլա ֆոն դեր Լիայենի հետ, ստորագրել մի պայմանագիր, որը միակողմանի շահավետ է միայն ԱՄՆ-ի համար։
Ուժաշահային հիերարխիայի տեսք ունեցող աշխարհում, ոչ ուժեղ երկրների իշխանական ստրուկտուրաները հիմնականում զբաղեցնում են ավելի հզորների դրածոները, որոնք լրիվ հասկանալի կերպով ծառայում են նաև իրենց նշանակողների շահերին։
Ընդհանուր առմամբ, դրածոների ինստիտուտը աշխարհի ուժաշահային կառուցվածքի անմիջական հետևանքն է և լայն տարածում ունի ցանկացած հասարակության մեջ։