Քանի դեռ Թրամփը պահանջում է հարստացման լիակատար դադարեցում, որևէ համաձայնություն հնարավոր չէ. Իրանի ԱԳ նախարար

ԱՄՆ-ի վերջին հարձակումը ցույց տվեց, որ Իրանի միջուկային ծրագրի համար ռազմական լուծում գոյություն չունի, բայց բանակցային լուծում հնարավոր է գտնել. այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:

«Իսլամական Հանրապետությունը հավատարիմ է իր խաղաղ և ոչ ռազմական միջուկային ծրագրին, չի փոխի իր դոկտրինը և հարգում է առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի 20-ամյա ֆեթվան, որն արգելում է միջուկային զենքի զարգացումը… Թեհրանը դեռ ունի ուրանի հարստացման կարողություն։ Շենքերը կարող են վերակառուցվել։ Սարքավորումները կարելի է փոխարինել, քանի որ տեխնոլոգիան առկա է։ Մենք ունենք բազմաթիվ գիտնականներ և տեխնիկներ, որոնք նախկինում աշխատել են մեր կայաններում։ Բայց թե երբ և ինչպես ենք վերսկսելու հարստացումը՝ կախված է իրավիճակից», – ասել է Արաղչին։

Նա ընդգծել է, որ «քանի դեռ Թրամփը պահանջում է հարստացման լիակատար դադարեցում, որևէ համաձայնություն հնարավոր չէ»։

«Սակայն Վաշինգտոնը կարող է իր մտահոգությունները ներկայացնել բանակցությունների միջոցով։ Մենք կարող ենք բանակցել, նրանք կարող են ներկայացնել իրենց փաստարկները, և մենք էլ մերն։ Բայց եթե զրոյական հարստացում է պահանջվում, մենք ոչինչ չունենք ասելու», – եզրափակել է Իրանի ԱԳ նախարարը։

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին ԱՄՆ օդուժը հարվածներ է հասցրել Իրանում՝ Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին` պնդելով, որ Իրանին թույլ չի տա միջուկային զենք ստեղծել և ուրան հարստացնել։ Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է նոր հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս փորձի վերականգնել դրանք։

Leave a Comment