Ըստ ՍԴ դիմած նախկին դատավորի դիմումի` Բարձրագույն դատական խորհուրդը գտել է, որ թույլ է տրվել դատավարական օրենքի խախտում, սակայն իր վարքագիծը չի գնահատվել «փաստերի ողջամիտ գնահատման եւ օրենքի ողջամիտ մեկնաբանման» չափանիշով, թեեւ նման փաստարկ դիմողի կողմից ներկայացվել է:
2022 թ. մայիսի 16-ին Սահմանադրական դատարան էր մուտքագրվել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի դիմումը, որով դիմողը խնդրել է. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 43-րդ կետը, 141-րդ հոդվածի 1-ին մասը, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 94-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասին, 164-րդ հոդվածի 1-ին մասին եւ 174-րդ հոդվածի 3-րդ մասին հակասող եւ անվավեր՝ հաշվի առնելով համապատասխան դրույթների իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները»:
2.«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 43-րդ կետի վերաբերյալ դիմողը նշում է, որ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում վերոնշյալ նորմին տրված մեկնաբանությունն այնքանով, որքանով իր աշխատակարգը հաստատելու՝ Բարձրագույն դատական խորհրդի լիազորության ներքո բլանկետային եղանակով սահմանվել է կարգապահական վարույթների քննության կարգ, հակասում է Սահմանադրության 63-րդ հոդվածին: Մասնավորապես, ըստ դիմողի՝ Բարձրագույն դատական խորհուրդը, չարդարացված լայն մեկնաբանելով օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 43-րդ կետով իրեն վերապահված լիազորությունը, փաստացի ինքնակարգավորել է իր գործունեության կարգը՝ 22.10.2020թ. իր ընդունած ԲԴԽ-68-Ն-15 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգի» 93-րդ կետում սահմանելով, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության փուլում խորհուրդը՝ որպես դատարան գործելիս, ղեկավարվում է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով, իսկ այն դեպքում, երբ կոնկրետ դատավարական գործընթացը կարգավորված չէ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նորմերով: Ըստ դիմողի՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից 22.10.2020թ. ընդունված ԲԴԽ-68-Ն-15 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգի» 93-րդ կետը փաստացի կիրառվել է դիմողի վերաբերյալ կարգապահական վարույթում, որի հետեւանքով ԲԴԽ կազմից դուրս է եկել անդամներից մեկը, եւ դրանով ինքնին խախտվել է Սահմանադրության 63-րդ հոդվածով սահմանված իր արդար դատաքննության իրավունքը:
Դիմողը նշել էր, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու՝ արդարադատության նախարարի լիազորությունը, հաշվի առնելով այդ պաշտոնի քաղաքական բնույթը, ինքնին ենթադրում է միջամտություն դատավորի անկախության սահմանադրական արժեքին, եւ այդ միջամտությունը կարող է իրավաչափ համարվել միայն այն դեպքում, երբ միջամտության ընթացքում ապահովված են անհրաժեշտ իրավական երաշխիքներ, ինչպես նաեւ ապահովված է անհրաժեշտ հավասարակշռությունը սահմանադրորեն պաշտպանվող շահերի միջեւ:
Օրենսգրքի 94-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի: Դիմողը պնդել էր, որ իրավակիրառ պրակտիկայում վերոնշյալ նորմը մեկնաբանվել է այն առումով, որ «որոշում» հասկացությունը պետք է վերաբերելի համարել ինքնին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշմանը՝ անտեսելով կարգապահական պատասխանատվության կոնկրետ միջոց կիրառելու մասին որոշումը: Ըստ Զ.Նախշքարյանի` այդ մեկնաբանությունը հակասում է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված՝ դատարանի՝ «օրենքի հիման վրա ստեղծված» լինելու հատկանիշին եւ Սահմանադրության 63-րդ հոդվածով սահմանված՝ որոշում կայացնելիս դատարանի անհրաժեշտ կազմի մասին օրենքի պահանջը պահպանելու բաղադրատարրին:
Դիմողը նշում է, որ իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու առաջին, երկրորդ եւ երրորդ վարույթներով որպես դատարան հանդես եկող Բարձրագույն դատական խորհրդի կազմում ընդգրկված է եղել Գագիկ Ջհանգիրյանը, որի 65 տարին մինչ այդ լրացած է եղել: Բացի դրանից, վերջինս, մատնանշված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտերում՝ որպես մարդու իրավունքների լուրջ խախտում թույլ տված եւ քաղաքական գործունեությամբ չզբաղվելու անհամատեղելիության պահանջը խախտած պաշտոնատար անձ:
Այս դիմումով նախկին դատավորի կողմից վիճարկվում է նաեւ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով այն հնարավորություն է տալիս դատավորին կարգապահական պատասխանատվություն ենթարկող մարմնի՝ ԲԴԽ կազմում ընդգրկել 65 տարին լրացած եւ, միաժամանակ, ՄԻԵԴ վճռով որպես մարդու իրավունքների խախտում թույլ տված պաշտոնատար անձ, ինչպես նաեւ ՄԻԵԴ որոշմամբ օրենսդրական արգելքի խախտմամբ որպես քաղաքական գործունեություն իրականացրած պաշտոնատար անձ մատնանշված անձին: Դիմողը գտնում է, որ նշված կարգավորումը հակասում է Սահմանադրության 63-րդ եւ 174-րդ հոդվածներին:
Ըստ ՍԴ-ի` դիմումի ուսումնասիրությունից պարզվել է, որ դիմողի կողմից ներկայացված պատճառաբանություններն առավելապես վերաբերելի են Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգի 93-րդ կետին, որի սահմանադրականությունը դիմումով չի վիճարկվում:
Բարձրագույն դատական խորհրդի 2021 թ. նոյեմբերի 29-ի ԲԴԽ-84-ՈԿ-24 որոշման ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Սահմանադրական դատարան ներկայացված սույն անհատական դիմումով վիճարկվող «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 4-րդ մասը չի կիրառվել դիմողի նկատմամբ։ Մասնավորապես, օրենսգրքի 94-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի: Վերոնշյալ կարգավորումից բխում է, որ դրանով սահմանվում է ԲԴԽ կողմից որոշումների ընդունման ընդհանուր կարգ՝ միաժամանակ նախատեսելով բացառություն նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի համար։ Մասնավորապես, այդպիսի բացառություն սահմանված է օրենսգրքի 96-րդ հոդվածի 6-րդ մասով, որը, ի թիվս այլնի, կարգավորում է, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԲԴԽ որոշումների ընդունման կարգի հետ կապված հարաբերությունները, եւ որի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ նիստին մասնակցող Խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե որոշմանը կողմ է քվեարկել Խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը։ Ըստ ՍԴ որոշման` Բարձրագույն դատական խորհրդի 2021 թ. նոյեմբերի 29-ի ԲԴԽ-84-Ո-Կ-24 որոշման ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Խորհուրդը Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշում կայացնելիս, որպես այդ որոշման ընդունման կարգը նախատեսող նորմ, ղեկավարվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, այլ ոչ թե վիճարկվող իրավակարգավորմամբ:
Վերահաստատելով 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ ամրագրված իրավական դիրքորոշումները, ըստ որի` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որեւէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 4-րդ մասով դիմողը Սահմանադրական դատարան դիմելու իրավասու սուբյեկտ չէ:
Հետեւաբար, այդ հիմքով անհատական դիմումն էլ մերժվեց: Այս դեպքում հարց է ծագում, եթե ՍԴ դիմելու իրավասու սուբյեկտ չէր, ինչ կարիք կար 2022 թ. մայիսի 16-ին մուտքագրված դիմումը երեք տարուց ավելի քնեցնել:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.07.2025
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: