Կառավարության հուլիսի 31-ի նիստի ընթացքում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրեց «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու մասին հարցը։
Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝
1) ոստիկանության ծառայողների և փրկարարական ծառայողների համար հստակեցնել կարգապահական տույժերը և խրախուսանքները ու ապահովել միասնական մոտեցում՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի դրույթները տարածելով նշված ծառայությունների վրա, իսկ ոլորտային օրենքներով սահմանել միայն այդ ծառայություններին բնորոշ կարգավորումները։ Նման մոտեցման պարագայում կապահովվի «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների կատարումը և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի գործողության ոլորտը կտարածվի նաև Ոստիկանության վրա,
2) ոստիկանության ծառայողների և փրկարարական ծառայողների հիմնական իրավունքների, պարտականությունների և նրանց նկատմամբ կիրառվող սահմանափակումների շրջանակի կապակցությամբ ապահովել միասնական մոտեցում՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի դրույթները տարածելով նշված ծառայությունների վրա և «Ոստիկանությունում ծառայության մասին» ու «Փրկարար ծառայության մասին» օրենքներում սահմանել միայն այդ ծառայություններին բնորոշ՝ ծառայողների իրավունքները, պարտականությունները և նրանց նկատմամբ կիրառվող սահմանափակումները,
3) ամրագրել ոստիկանության ծառայողների և փրկարարական ծառայողների բարեվարքության համակարգը, յուրաքանչյուր ծառայության համար ստեղծել առանձին էթիկայի հանձնաժողովներ և սահմանել համապատասխան ծառայողների բարեվարքության խախտումների քննության առանձնահատկությունները,
4) ոստիկանության ծառայողների և փրկարարական ծառայողների նկատմամբ իրականացվող ծառայողական քննությունների անցկացման համար ամրագրել միասնական մոտեցում և այդ գործընթացի ընթացակարգային հարաբերությունները կարգավորել «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքով,
5) միջազգային լավագույն փորձի հաշվառմամբ՝ Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ընդլայնել ղեկավար անձանց շրջանակը, ովքեր կկիրառեն համապատասխան խրախուսանքի և կարգապահական տույժի տեսակներ,
6) ապահովել Նախարարության ոստիկանության կազմում գործող, սակայն իր բնույթով ոչ ոստիկանական գործառույթ իրականացնող Ինֆորմացիոն կենտրոնի տեղափոխումը Նախարարություն,
7) հանցագործությունները և վարչական իրավախախտումները կանխելիս և բացահայտելիս, ինչպես նաև՝ հասարակական կարգը պահպանելիս Ոստիկանությանը վերապահել իրավասություն՝ իրականացնելու սթափության վիճակի ստուգում,
8) Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայության գրավչությունը բարձրացնելու նպատակով նախատեսել կարգավորումներ, որոնց համաձայն՝ ատեստավորման արդյունքներով տրվող հավելավճարին զուգահեռ ոստիկանության և փրկարարական ծառայողները կստանան օրենքով նախատեսված լրավճար և հավելումներ,
9) Ոստիկանության և Փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողների սոցիալական երաշխիքների ապահովման համատեքստում նախատեսել կարգավորում, որի համաձայն՝ նշված ծառայողները համապատասխան մարմնի կամ կազմակերպության վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության արդյունքում ծառայությունից ազատվելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում, ոստիկանության կամ փրկարար ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կպահպանեն զբաղեցրած վերջին պաշտոնի համար նախատեսված աշխատավարձը (հիմնական աշխատավարձը, հավելումները, լրավճարները), եթե այն բարձր է տվյալ պաշտոնի համար սահմանված աշխատավարձից (հիմնական աշխատավարձը, հավելումները, լրավճարները),
10) Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում կամ գրասենյակում քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելու գրավչությունը բարձրացնելու նպատակով նախատեսել կարգավորում, որի համաձայն՝ ոստիկանության կամ փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողները, ծառայությունից ազատվելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, ներքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում կամ գրասենյակում քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կպահպանեն զբաղեցրած վերջին պաշտոնի համար նախատեսված աշխատավարձը (հիմնական աշխատավարձը, հավելումները, լրավճարները), եթե այն բարձր է քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի համար սահմանված հիմնական աշխատավարձից: Ընդ որում, պաշտոնի փոփոխության դեպքում աշխատավարձը (հիմնական աշխատավարձը, հավելումները, լրավճարները) չի պահպանվի:
11) «Փրկարար ծառայության մասին» օրենքում նախանական մասնագիտական կրթության հետ կապված եզրութաբանությունը համապատասխանեցնել գործող ոլորտային օրենքին։
Փոփոխությունների վերաբերյալ ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը իր դիտարկումներ է ներկայացրել, որոնք ընդգրկված են ամփոփաթերթում։
Դրանցից 2-ը չեն ընդունվել նախարարության կողմից։
Քաղծառայության գրասենյակը նշել է․ «Օրենսդրական փոփոխությունների ներկայացված փաթեթում ներառված օրենքների նախագծերով առաջարկվող կարգավորումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք միտված են հիմնականում երկու խումբ իրավահարաբերությունների կարգավորմանը: Մասնավորապես՝ առաջին խումբ իրավահարաբերությունները, ընդհանուր առմամբ, վերաբերում են ոստիկանության ծառայողների աշխատանքային հարաբերություններին (ի թիվս այլնի՝ Ներքին գործերի նախարարության ձրավորմամբ պայմանավորված վերջիններիս համար օրենսդրությամբ որոշակի երաշխիքների ապահովմանը), երկրորդ խումբը՝ ոստիկանության ծառայողների և փրկարար ծառայողների կարգապահական պատասխանատվությանը, ծառայողական քննություններին, խրախուսանքի տեսակներին և այլն։
Անդրադառնալով նախագծային կարգավորումներին՝ հարկ ենք համարում նշել, որ դրանք դիտարկվել են կից ներկայացված հիմնավորման հետ համակարգային կապի մեջ։ Այս պայմաններում հարկ է նշել, որ օրենսդրական փոփոխությունների փաթեթում ներառված «Ոստիկանության մասին», «Ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերով առաջարկվող կարգավորումների վերաբերյալ հիմնավորմամբ ներկայացված չէ անհրաժեշտ տեղեկատվություն, որպիսի պայմաններում հնարավոր չէ գնահատել ներկայացվող իրավակարգավորումների օբյեկտիվ անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը և ըստ այդմ՝ դրանց վերաբերյալ ներկայացնել սպառիչ դիտարկումներ։ Ավելին՝ առաջարկվող իրավական կարգավորումները հակասում են նաև կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման և հանրային ծառայության ոլորտում որդեգրված համակարգային մոտեցումներին»։
Գրասենյակի 2-րդ դիտարկումը, որը չի ընդունվել ՆԳՆ-ի կողմից․ «Նախագծով առաջարկվում է հանրային ծառայության բարեփոխումների շրջանակներում հանրային ծառայողներին վերաբերող դրույթները միասնականացնելու համատեքստում նոր կարգապահական կանոնագիրքը տարածել ինչպես ոստիկանության ծառայողների, այնպես էլ փրկարար ծառայողների վրա՝ խրախուսանքի և կարգապահական ընթացակարգերի կիրառման մասով։
Այս կապակցությամբ հարկ է նշել, որ Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը հանդիսանում են Ներքին գործերի նախարարությանը ենթակա պետական մարմիններ, որտեղ ներդրված է համապատասխանաբար ոստիկանության ծառայություն և փրկարար ծառայություն։ Ընդ որում՝ «Փրկարար ծառայության մասին» օրենքը մի շարք առումներով հորիզոնական շրջանակին վերաբերող իրավական կարգավորումների մասով, այդ թվում՝ ծառայողական քննությունների մասով հղում է կատարում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքին՝ սահմանելով, որ փրկարարական ծառայողների աշխատանքային հարաբերություններին վերաբերող հարցերը, որոնք կարգավորված չեն սույն օրենքով, կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքներով կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով փրկարարական ծառայողների նկատմամբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգապահական տույժերը: Այս պայմաններում Նախագծով առաջարկվող մոտեցումները հետքայլ են դեռևս 2014 թվականից հանրային ծառայության ոլորտում Կառավարության որդեգրած և շարունակաբար իրականացվող քաղաքականությունից»։
Ամեն դեպքում, այսօր կառավարությունը հավանություն է տվել նշված նախագծերի փաթեթին։