Լավագույն մաղթանքներս եմ հղում Նոային․ Ռոբի Քին — Armsport.am

ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Երևանի «Նոան» հյուրընկալվելիս զիջեց հունգարական «Ֆերենցվարոշին» 3:4 հաշվով և դիմակայության ընդհանուր (4:6) արդյունքում դուրս մնաց հետագա պայքարից։

Խաղից հետո հունգարական թիմի գլխավոր մարզիչ Ռոբի Քինը գովեստի խոսքեր է հղել Հայաստանի չեմպիոնի հասցեին։ 

«Հիանալի թիմի դեմ խաղացինք, լավագույն մաղթանքներս եմ հղում նրանց։ Խաղը լավ սկսեցինք՝ վաղ գոլ խփելով, սակայն հետո ինքներս բարդացրինք մեր գործը․ «Նոան» շատ արագ հավասարեցրեց հաշիվը։ Շնորհավորում եմ նրանց։ Ինձ դուր են գալիս թիմեր, որոնք չեն բավարարվում միայն երկար փոխանցումներով։ Շատ ուրախ եմ մեր խփած գոլերի համար, գիտեմ, որ մեր երկրպագուներն էլ են դա սիրում։ Բայց գոլեր ընդունելն ինձ դուր չի գալիս։ Թիմում շատ նոր ֆուտբոլիստներ կան, և սա նրանց մեղքը չէ․ պարզապես ժամանակ է պետք, որ բոլորը հարմարվեն նոր միջավայրին։ Պաշտպանությունը ողջ թիմի գործն է, և գրեթե միշտ գոլերը բխում են պաշտպանական գծի սխալներից։ Պետք է աշխատենք այդ ուղղությամբ։

«Նոայի» վերաբերյալ կարծիքս անփոփոխ է․ շարունակում եմ նրանց համարել շատ լավ թիմ։ Նախօրոք էլ նշել էի, որ չպետք է թերագնահատենք նրանց։ Խաղից հետո խոսեցի նրանց մարզչի հետ, միմյանց հաջողություն մաղթեցինք ընթացիկ մրցաշրջանի համար։ Ընդմիջման ժամանակ տակտիկական որոշ փոփոխություններ արեցինք, ինչն իր արդյունքը տվեց․ վաստակեցինք 11-մետրանոց հարված և կրկին առաջ անցանք հաշվի մեջ»,- Քինի խոսքն է մեջբերում «Ֆերենցվարոշի» պաշտոնական կայքը։

Նշենք, որ «Նոան» պայքարը կշարունակի ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում, որտեղ կմրցի Ջիբրալթարի չեմպիոն «Լինքոլն Ռեդ Իմփսի» հետ։

Leave a Comment