Սյունիքը Հայաստանի զարգացման դարպասն է դառնալու… Եթե կարողանում ենք Սյունիքի դարպասները բացել, ուրեմն իսկապես վստահ եղեք, որ ապագան զարգացման առումով, շատ մեծ հնարավորություններ է տալու մեզ. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ։

Այցի մեկնարկին Հանրապետության նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ և մարզի համայնքների ղեկավարներ։

Խորհրդակցության ընթացքում Սյունիքի մարզպետը զեկուցել է մարզում իրականացվող ոլորտային ծրագրերի ընթացքը, արձանագրված առաջընթացն ու առկա խնդիրները, ինչպես նաև վերջիններիս հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները։ Նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից Սյունիքի մարզում նախաձեռնված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերն ու նախագծերը։

Հանրապետության նախագահը խորհրդակցության մասնակիցներից հետաքրքրվել է մարզում տիրող ընդհանուր իրավիճակով, այդ թվում՝ սոցիալ-հոգեբանական մթնոլորտով, որի վերաբերյալ զեկուցումներով հանդես են եկել ուժային կառույցների ներկայացուցիչները և համայնքների ղեկավարները։

Խորհրդակցության ավարտին նախագահ Խաչատուրյանը պատասխանել է մարզային իշխանության ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերին՝ անդրադառնալով երկրի ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթություններին, հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը:

Ըստ նախագահականի տարածած տեսանյութի` Խաչատուրյանը հայտարարել է, որ Սյունիքը Հայաստանի զարգացման դարպասն է դառնալու հետագա զարգացման համար. «Եթե մենք կարողանում ենք Սյունիքի դարպասները բացել, ես ի նկատի ունեմ 43 կմ հնարավորությունները, ուրեմն իսկապես վստահ եղեք, որ ապագան զարգացման առումով, շատ մեծ հնարավորություններ է տալու մեզ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment