Մարդիկ իրար ջրում են, Վարդավառ են նշում: Տեսնո՞ւմ եք, թե ժողովուրդը որքան երջանիկ է: Մարդիկ շաբաթ-կիրակի օրերին գնում են Սեւան: Տեսնո՞ւմ եք, թե որքան լավ են սկսել ապրել: «Էլցանց» զանգահարելիս՝ օպերատորը պատասխանում է: Տեսնո՞ւմ եք, թե ինչպես Ռոմանոս Պետրոսյանը, նշանակվելով կառավարիչ, մի քանի օրում կարողացավ բարելավել ՀԷՑ-ի աշխատանքը:
2018 թվականի իշխանափոխությունից անմիջապես հետո պաշտոնական քարոզչության «մանտրան» էր՝ «մարդկանց դեմքերին վերջապես ժպիտ է երեւացել»: Այդ ժպիտը (հավանաբար, այն պատճառով, որ 2022 թվականի հոկտեմբերից հետո Հայաստանը դարձավ ինքնիշխան երկիր) վերածվեց բուռն ուրախության եւ հրճվանքի:
«Կյանքն ավելի լավն է դարձել, ավելի ուրախ»՝ այսպիսի խորը դիտարկում էր արել Ստալինը՝ 1935 թվականին հանդիպելով ստախանովյան շարժման առաջամարտիկների հետ: Կթվորուհիներն ու պողպատագործները դրա հետ չէին վիճում. հակառակը՝ ուրախ շուրջպար էին բռնել «մեծն առաջնորդի» շուրջ: Կային, իհարկե, կասկածողներ: Բայց նրանք փտած ինԾիլիգենտների պսեվդոէլիտար խմբակի ներկայացուցիչներ էին: Այդ «հակապետական տարրերի» հարցերը շատ արագ լուծվեցին:
Հայաստանի ներկայիս իշխանությունների՝ կատարյալ անմեղսունակ մարդկանց ուղղված PR-ը ենթադրում է, որ անցած տարի կամ 10 տարի առաջ Վարդավառ չէր նշվում, մարդիկ Սեւան չէին գնում, իսկ ՀԷՑ-ի օպերատորները քաղաքացիների զանգերին չէին պատասխանում: Ինչի՞ մասին է խոսում այս տեսակի քարոզչությունը: Նախ, իհարկե, այն մասին, որ մեր հասարակության ընդհանուր մտավոր մակարդակն ընկել է:
Բայց որքան էլ ընկած լինի, ակնհայտ է, որ ՔՊ-ն վարկանիշի խնդիր ունի, եւ այս, ոչ այնքան խելամիտ արձանագրումներով, իշխանությունները փորձում են իրենք իրենց ոգեւորել: Այսպես ասած՝ «սև սրտի մխիթարանք»:
Ենթադրենք, սակայն, որ ՔՊ-ի վարկանիշը 100 տոկոս է, եւ Հայաստանի բնակչությունը բաղկացած է 3 միլիոն անմեղսունակ մարդկանցից: Որեւէ սուտ, մանիպուլյացիա կամ շուստրիություն արդյո՞ք փոխում է այն իրողությունը, որ Արցախն այլեւս Ադրբեջանի ձեռքն է, որ հարեւան երկիրը զավթել է ՀՀ ինքնիշխան տարածքի մի մասը, որ մենք ունենք 120 հազար փաստացի փախստականներ, իսկ հայերը շարունակում են խոշտանգվել Բաքվի բանտերում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: