Գյումրիի քաղաքապետը՝ շատրվանների սկանդալի մասին. «Դիտավորյալ արեցին»

Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պնդում է՝ քրեական ենթամշակույթի հետ ասոցացվող երգը, որ երեկ հնչել է քաղաքի կենտրոնական հրապարակում, դիտավորություն է:

«Հավանական է՝ գիտեին, որ իմ 100 օրն է, ես պետք է ասուլիս տամ, իրիկունը, երեկ իրիկունը ման էլ եմ եկել, չեմ լսել էդպիսի բան, ուրեմն պատկերացրեք դիտավորյալ արեցին», – հայտարարեց Ղուկասյանը:

Երեկ երեկոյան իրար հերթ չտալով ՔՊ-ական նախարարներն ու պատգամավորները քննադատում էին Գյումրիի կենտրոնում՝ քաղաքապետի տնից մի քանի հարյուր մետր այն կողմ գործող նոր երգող ու պարող շատրվանների երգը: Ընդգծում էին, թե Գյումրիում քրեական ենթամշակույթն է խրախուսվում:

«Բայց ինձ ինչի՞ են օրինակ ուղղում, ես զարմանում եմ, թե քաղաքապետը ինչ գործ ունի շատրվանների երաժշտության հետ», – ընդգծեց Գյումրիի քաղաքապետը:

Այսօր առավոտյան էլ վարչապետ Փաշինյանն է առանց անուն նշելու ռուսերենով գրառում արել, թե “Вор должен сидеть в тюрьме, а не фонтанами баловаться!” («Գողը պետք է նստի բանտում, այլ ոչ թե շատրվաններով խաղ անի»)՝ թերևս ակնարկելով մի քանի քրեական գործերով անցնող Ղուկասյանին:

Այսօր իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելու նպատակով հրավիրած ասուլիսում Ղուկասյանը զարմացավ, որ թեմային նախարարներ ու վարչապետն են անդրադարձել:

«Նախարարներ, ինչի՞ն են անդրադարձել, ի՞նչ է եղել, իյա՜», – ծիծաղեց քաղաքապետը:

Հետո հեռախոսով ցույց տվեց, թե ինչպես է ինքը Ինստագրամի ռիլում վարժ իտալերեն ու գերմաներեն «խոսում». – «Տեխնիկան էնպես է, որ ամեն ինչ կարող են անել, ես հիմա մի հատ բան եմ ձեզ ցույց տալիս, թե իրանք ինչ են արել իմ գլխիս … Էս մարդիկ էլ բանուգործ չունին, ընկել են սպես բաների հետևից: Յեքա երկիրը երրորդ համաշխարհային պատերազմի առաջ կագնած ենք, իրանք ընկել են … »:

Քաղաքապետարանի կայքում էլ ներողություն են խնդրել ու պնդել, թե տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է:

Շատրվանների թեման թեժ էր, բայց ասուլիսում այլ հարցերի էլ անդրադարձ եղավ. օրինակ՝ ընդդիմադիր համայնքապետն ինչպես է աշխատել կենտրոնական ու մարզային իշխանությունների հետ:

Leave a Comment