
Միջազգային արբիտրաժները վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ են, որոնց դերը մեր իրավական համակարգում ընդգծված է։ Այսինքն մենք ունենք ստանձնած պարտավորություն, այն դեպքում, երբ միացել ենք որոշակի կոնկրետ կոնվենցիաների, առաջնորդվել այդ կոնվենցիաներով և, իհարկե, կատարել միջազգային արբիտրաժային տրիբունալների որոշումները»,- կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նա նշեց, որ կոնվենցիաները կամ պայմանագրերը լինում են տարբեր, լինում են երկողմ և բազմակողմ միջազգային պայմանագրեր։
«ՀԷՑ-ի հետ կապված վեճի առումով գործում է երկկողմ ներդրումային պայմանագիրը, որի հետ կապված վեճերի պարագայում արբիտրաժային տրիբունալի որոշումների ճանաչման կոնկրետ ընթացակարգ է գործում:
Եթե դուք ուսումնասիրեք արբիտրի որոշումը, ապա այնտեղ հղում է արված Նյու Յորքի համապատասխան կոնվենցիային, որով սահմանվում է այդ որոշման կամ վճռի չկատարման դեպքում դրա կատարման հնարավորություն, եթե կողմը ցանկություն ունի դա պարտադրաբար կամ հարկադրաբար ի կատար ածելու։
Եվ այդ ընթացակարգը առկա է նաև մեր ներպետական օրենսդրության շրջանակներում։ Եթե թարգմանեմ պարզ լեզվով՝ կասեմ հետևյալը, որ կողմը իրավունք և լիարժեք հնարավորություն ունի դիմելու Հայաստանի ներպետական դատարանի, որպեսզի դատարանը ճանաչի նախ արբիտրի որոշումը և հետո նոր դառնա դա պարտադիր կատարման ենթակա։ Իհարկե, ներպետական օրենսդրությամբ և ոչ միայն նաև միջազգային կոնվենցիայով կա հնարավորություն այդ որոշումը չկատարելու, եթե դա հակասում է հանրային կարգին։
Ես չեմ կարող ասել, դա կարո՞ղ է հակասել կամ կհակասի՞ կամ կճանաչվի՞ հանրային կարգին հակասող, թե ոչ։ Ես կարող եմ ասել հետևյալը, որ ժամանակավոր կառավարչի մուտքը ՀԷՑ հետապնդել է այլ նպատակ, քան նկարագրվում է մյուս կողմի դիմումում, ընդամենը նպատակ է հետապնդել խուսափել հնարավոր ճգնաժամից, որը մեզ իրականում սպառնում էր»,- մանրամասնեց Ս.Գալյանը։